▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի բան չեմ հասցրել անել, ինչն ինձ շատ է տանջում. Սիլվա Հակոբյան

Սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանն օրերս է  վերադարձել ԱՄՆ-ից: Իր մասին լսած ասեկոսեների, երաժշտական հաջողությունների, ստեղծագործական նորությունների և այլ հարցերի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել  է երգչուհու հետ:

-Ինչպե՞ս է իրեն հիշում Սիլվա Հակոբյանը մանկության տարիներին:

-Հիշում եմ ինձ շատ աշխույժ ու պայծառ. շատ էի սիրում խաղալ դրսում և միշտ  արժանացել եմ անցորդների ուշադրությանը:Մի խոսքով` ինձ շատ են երես տվել ու շատ սիրված բալիկ եմ եղել, և դեռ այդ տարիքից էլ որոշված էր իմ ապագան, քանի որ երգել սկսել եմ դեռ մանկուց:

- Տաղանդավոր երգչուհի   եք:  Ո՞ւմ կողմից  և  ինչպես  բացահայտվեց  Ձեր տաղանդը:

-Բացահայտվել է հայրիկիս ընկերոջ կողմից, ով նույնպես երաժիշտ է: Եվ հենց նա էլ  խորհուրդ է տվել հայրիկիս՝ հետևել իմ քայլերին, ինչն էլ հայրս անում է մինչ օրս մեծ սիրով ու նվիրվածությամբ:

-Նաև տաղանդավոր  ընտանիք  ունեք,  հե՞շտ  է  ապրել այդքան տաղանդավորներով մեկ  հարկի տակ:

-Ինձ համար շատ հեշտ է ու շատ հաճելի, քանի որ արվեստագետի կողքին միշտ պետք է լինի մեկը, ով ոչ միայն հոգ կտանի իր համար, այլև կօգնի շատ հարցերում: Ես այդ առումով շատ երջանիկ մարդ եմ, որովհետև իմ կողքին ոչ միայն ցավացող մարդիկ են, այլ նաև երաժշտագետ ու երաժշտասեր, ինչն իմ գործն ավելի է թեթևացնում:

-Ասում  են` առանց  երգի կյանքը սխալմունք կլիներ... Առանց երգի  ի՞նչ կպակասեր  Ձեր  կյանքում:

-Ինձ թվում է՝ հենց կյանքի իմաստը կպակասեր, քանի որ նախ առանց երաժշտության գրեթե անհնար է ապրել, և հետո, մենք երգի միջոցով փորձում ենք ներկայացնել կյանքում մեզ հանդիպած իրավիճակներ ու այդ ամենի լուծումն էլ տալիս ենք հենց  երգերի միջոցով:

-Ո՞վ  է  եղել Ձեր  ուսուցիչը  երգարվեստում:

-Ես կարող եմ ասել, որ եղել են շատ խորհրդատուներ, որոնցից շատ բան եմ սովորել, բայց ուսուցիչ որպես այդպիսին չի եղել:

Նոր եք վերադարձել ԱՄՆ-ից: Այնտեղի երգի   շուկան  գրավելու  մտադրություն  չկա՞:

-Ցանկություն կա և միշտ էլ եղել է, բայց ինչպես գիտեք՝ դա մեկ օրվա գործ չէ, և դրան հասնելու համար պետք են ոչ միայն ճիշտ անձինք, այլև համապատասխան միջոցներ: Ամեն դեպքում` մենք անում ենք հնարավոր ամեն բան մեր վաղեմի երազանքը ի կատար ածելու համար, իսկ կստացվի, թե ոչ, ցույց կտա ժամանակը:

-Որտե՞ղ են Ձեզ ավելի ջերմ ընդունում, Հայաստանում, թե՞ արտասահմանում:

-Երկու վայրերում էլ: Ես երբևէ չեմ դժգոհել իմ հանդիսատեսից:

-Երբևէ Ձեզ անհանգստացրե՞լ են Ձեր երկրպագուները:

-Ո՛չ, նրանք ինձ միայն ուրախացրել ու ուժ են տվել՝ իրենց սիրով ու ներկայությամբ:

-Անձնական կյանքում փոփոխություններ կա՞ն:

-Դեռ ոչ:

-Ինչպիսի՞ տղամարդ պետք է լինի Սիլվայի կողակիցը:

-Այնպիսին, ինչպիսին կլինի: Առհասարակ, ես ինձ համար ասպետներ չեմ հորինում, քանի որ քաջ գիտակցում եմ, որ իդեալական մարդ գոյություն չունի այս աշխարհում:

-Ի՞նչ  է  հարկավոր  կնոջը  լիարժեք  երջանիկ  լինելու  համար:

-Առաջին հերթին սիրած էակ, ամուր ու ապահովված ընտանիք, առողջ բալիկներ, իսկ մնացածն արդեն ըստ ցանկության:

-Ի՞նչ  սկզբունքով  եք  առաջնորդվում  կյանքում:

-Չբավարարվել ունեցածով, ձգտել ավելիին`պահպանելով մարդ տեսակը:

-Ո՞րն  է  համարվում  Ձեր  ամենամեծ ձեռքբերումը:

-Ընտանիքս և հանդիսատեսիս սերը:

Ուշացել եմ  ես արդեն…», կա՞ որևէ բան, որ չեք հասցրել ավարտին հասցնել:

-Միգուցե տարօրինակ կհնչի այն, ինչ որ հիմա կասեմ, բայց մի բան կա, որը չեմ հասցրել անել իմ կյանքում ,ու այն ինձ շատ է տանջում: Չեմ հասցրել վերջին հրաժեշտս տամ շունիկիս, որն  արդեն երկու տարի է` մեզ հետ չի ապրում, ես նրան շատ եմ կարոտում…ով շունիկ է ունեցել ինձ կհասկանա…իսկ ընդհանրապես փորձում եմ սկսածս գործը միշտ ավարտին հասցնել:

-Կարողանո՞ւմ եք ժամանակ տրամադրել և' աշխատանքին, և' նախասիրություններին:

-Նախասիրություններին այդքան էլ չէ, բայց աշխատանքի դեպքում ժամանակ միշտ գտնվում է:

-Ձեր մասին լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ զայրացրել և ո՞րը զվարճացրել:

-Զվարճացրել է այն ասեկոսեն, երբ ինձ անհիմն նշանել կամ ամուսնացրել են, իսկ զայրացրել է, երբ փորձել են ինձ համեմատել կամ նմանացնել ինչ-որ երգչուհիների, և դա այն դեպքում, երբ համեմատելու կարիք չկա, քանի որ յուրաքանչյուր արվեստագետ  ունի իր առանձնահատկությունները:

-Ինչպե՞ս  եք  վերաբերվում  ձախողումներին  ու  անհաջողություններին:

- Շատ նորմալ: Դրանք էտապներ են, որոնք լինում են բոլորի կյանքում, և առանց դրանց հաստատ անհետաքրքիր կլիներ:

-Կարող ե՞ք ասել, որ հասել եք  Ձեր ուզածին:

-Իհարկե ոչ, դեռ ամեն ինչ առջևում է:

-Ի՞նչ  ծրագրեր  ունեք առաջիկայի համար:

-Մի քանի օրից կներկայացնեմ նոր տեսահոլովակ`նկարահանված «Leave a light on» երգիս հիման վրա: Հեղինակը հույն է, իսկ ռեժիսորը կրկին Արթուր Մանուկյանն է, ում հետ սա իմ արդեն թվով չորրորդ համագործակցությունն է, հուսամ` այն դուր կգա հանդիսատեսին: Եվ առաջիկայում ունեմ բազմաթիվ շրջագայություններ, իսկ մինչև տարեվերջ, կարծում եմ, կհասցնեմ նկարահանել ևս մեկ տեսահոլովակ:

-Ի՞նչ  կմաղթեք  Ձեր  հանդիսատեսին  և  երկրպագուներին:

-Ամենայն բարիք, սեր ու ժպիտներ: Շնորհակալ եմ, որ դուք կաք:

 

Հարցազրույցը՝ Երվանդ Մարեյանի

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more