Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հարցազրույցով ամփոփել է երևանյան հանդիպումները ՀՀ իշխանությունների հետ։ Նրա խոսքով՝ ստացել են տեղեկություններ վերջին մեկուկես ամսվա զարգացումների, հանդիպումների, ՀՀ այցելած բարձրաստիճան պաշտոնյաների բարձրացրած խնդիրների մասին։
«Այդ տեղեկությունները հիմք են հանդիսացել՝ հասկանալու՝ ընդհանուր առմամբ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ինչ տեսակետներ են հնչում միջազգային հանրությունում։ Մենք մեր հասարակությանը պետք է ներկայացնենք իրական պատկերը, եւ դրա մեջ մեկ-մեկ լինում են դառը ճշմարտություններ կամ այնպիսի թեմաներ, որոնք հաճելի չեն», - նշել է ԱՀ նախագահը։
Նրա խոսքով՝ պարզ է, որ այսօր առաջին հերթին խաղաղության պայմանագրի կամ ընդհանրապես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումն է․
«Իհարկե քննարկումների ժամանակ արծարծվում է ղարաբաղյան խնդիրը, եւ եթե մինչ այս տարածաշրջանի գլխավոր խնդիրը եղել է ղարաբաղյան կոնֆլիկտը՝ իրենց ձեւակերպմամբ, իսկ մեզ համար Արցախի կարգավիճակի կամ ապագայի խնդիրը, ապա այսօր տարածաշրջանային գլխավոր խնդիրը ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտներն են, եւ այդ առումով մենք սթափ պետք է գնահատենք՝ առանց շեղվելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային նորմից․ դա քննարկման ենթակա չէ»։
Լրագրողի հարցին, թե արդյոք Արցախի՝ Ադրբեջանի կազմում չլինելու ցանկությունն աշխարհի համար հասկանալի՞ է, եւ կարողանո՞ւմ են հիմնավոր արդյոք, Հարությունյանը պատասխանեց․
«Միջազգային խաղացողները, որոնք փորձում են ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի հետ կապված իրենց ծառայությունները մատուցել, արցախյան խնդիրը ստորադասում են, եւ բաց պետք է ասենք մեր հասարակությանը՝ այնքան էլ նպաստավոր առաջարկներ չեն ներկայացնում, բայց դա չի խանգարում մեզ իրականացնելու ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան ազգերի ինքնորոշման այդ կարեւոր նորմը, եւ մեր պայքարը լինելու է այդ նորմի շրջանակներում»։