Այսօր Մատենադրանի առջև բնապահպանները Ուելսի արքայազն Չարլզի` մեր երկիր մասնավոր այցելության առաջին ժամերին ակցիա էին կազմակերպել: Բնապահպանները հորդորում են կանխել Ամուլսարում (Վայոց Ձոր) ոսկու հանքի շահագործումը, որը պետք է իրականացվի բրիտանական «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ներդրումներով:Նրանք նախապես Ուելսի արքայազն Չարլզին դիմել էին բաց նամակով:Մինչև արքայազնի այցը, բնապահպաններին է մոտեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը, ում փոխանցել են նախապես պատրաստված նամակը: Նա նշել է, որ իրենք, անպայման, հետամուտ կլինեն բնապահպանների բարձրացրած խնդիրներին: «Այնպես չէ, որ արքայազնը անմիջապես չի կարող մոտենալ ակտիվիստներին, բայց իր անձնական օգնականը անպայման կմոտենա»,- ասել է դեսպանը:
Բնապահպաններին այդպես էլ չի հաջողվել իրենց բողոքը հայտնել արքայազն Չարլզին, քանի որ նա Մատենադարան է մտել հետնամուտքից. ինչպես նշվում է` այդպես են նրան խորհուրդ տվել արքայական ընտանիքի անվտանգության աշխատակիցները:
Ու չնայած արքայազնի Հայաստանում գտնվելու երեք օրերի ընթացքում նրա այցելությունների վայրերն ու ժամկետները չեն հրապարակվում, բնապահպանները մտադիր են շարունակել են իրենց բողոքի ակցիաներն` իրենց ձայնը հասցնելով անձամբ Չարլզին: