▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչև երկիրն ինձնից ներողություն չխնդրի, չեմ գալու Հայաստան.Ծոմակ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է DIY ակումբի նախկին տնօրեն, «Ինցեստ» պանկ խմբի մենակատար Ծոմակ Օգանեզովան, ով նախորդ տարի Արամե և Համբիկ Խամբազյանների կողմից DIY ակումբը պայթեցնելուց հետո մեկնեց Շվեդիա: Մեկ տարի ձգձգվող դատական գործընթացն ավարտվեց հօգուտ Արամե և Համբիկ Խամբազյանների, որոնց դատարանը դատապարտեց 1 տարի 7 ամիս ժամկետով պայմանական ազատազրկման` 2 տարի փորձաշրջանով: Հարցազրույցի սկզբում Ծոմակն ասել է. «Կարծում եմ՝ Հայաստանի հետ կապված սա իմ վերջին հարցազրույցը կլինի, քանի որ Հայաստանի մասին այլևս չեմ կարողանում մտածել, այսպես կոչված` հիասթափության «ՊԵՐԵԴՈԶ. եմ ապրում, Հայաստանի հետ կապված ոչ մի բանի չեմ հավատում»:

 - Ծոմակ, մեկ տարի ձգձգվող դատավարությունն ավարտվեց, դատարանը վճռեց Արամե և Համբիկ Խամբազյաններին դատապարտել մեկ տարի յոթ ամիս պայմանական ազատազրկման` 2 տարի փորձաշրջանով: Գիտեմ, որ դատավճիռը Ձեզ չի գոհացրել:

 - Ինչպե՞ս կարող է այս դատավճիռն ինձ գոհացնել, երբ սա ևս մեկ օրինակ է, որն ապացուցում է՝ Հայաստանը խեղդված է տոտալիտար ֆաշիզմի և կոռուպցիայի մեջ: Ամբողջ հարցը նրանում է, որ եթե անգամ DIY-ի պայթեցման պահին փաբում մարդ չի եղել, և նրանք հարբած «Մոլոտովի կոկտեյլներ» են սարքել, որոշել՝ գիշերը հինգին գնալ Ծոմակին «տրաքացնել», եկել են ջարդել, պայթեցրել փաբը, դատավորը, սակայն, անտեսել է այն հանգամանքը, որ փաբը գտնվում է 50-60 տարվա վաղեմություն ունեցող շենքի տակ, շենք, որն ունի բնակիչներ: Եվ այս դեպքում դատավորը ինչպե՞ս է կարողանում թեթև պատիժ սահմանել, սա օրենքի սահմանում չէ, դա ուղղակի պայմանավորվածություն է: Դատավորը մի՞թե չի հասկանում, որ այդ շենքը շատ հանգիստ կարող էր հրկիզվել, և մարդիկ մահանային: Բնականաբար հասկանում է, պարզապես փողի մասին ավելի լավ է հասկանում:

 - Գիտեմ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան եք դիմել:

 - Այո, դիմել ենք, բայց դրա համար ժամանակ է պետք, գուցե տարիներ: Հայաստանում փողն առաջին տեղում է, մարդը որպես արժեք՝ վեցերորդ տեղում է: Երկրորդ տեղում Սերժ Սարգսյանն է, հետո՝ Նեմեցը, հետո՝ Լֆիկը, հինգերորդ տեղում Գագիկ Ծառուկյանն է, վեցերորդ տեղը նոր մարդու իրավունքներն են բայց դա դեռ հարց է:

- Ծոմակ, Հայաստանում կարծես իրողություն է, որ կուսակցությունների, քաղաքական գործիչների ժամանակն անցել է, հիմա քաղաքացիներն իրենք են վերցնում իրենք ձեռքը երկրի կառավարումը, քաղաքական օրակարգ ձևավորում, հստակ խնդիրներ են ձևակերպում, փորձում լուծում տալ: Այսօր էլ նստացույց է շարունակվում: Հուսադրո՞ղ են այս գործընթացները:

 - Սիրելի ակտիվիստներ, նախապես զգուշացնում եմ Ձեզ, որ ինձնից չնեղանաք, ինչ էլ որ հիմա պետք է ասեմ, Ձեր օգտին եմ ասում, ոչ թե ձեր դեմ եմ խոսում: Սա բացարձակ չի վերաբերում Լալա Ասլիկյանին, Զառա Հովհաննիսյանին և մի քանի կարգին ակտիվիստների:

 Ես կողմնակից եմ ժողովրդի կողմից ինքնաբուխ հեղափոխությանը, և դրա մեջ որևէ քաղաքական գործիչ կամ կուսակցություն չպետք է խառնվի, որովհետև ցանկացած կուսակցություն, միևնույն է, ավելի շատ իր շահերի մասին է մտածում, քան ժողովրդի: Հետևելով Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին՝ տեսնում եմ, որ մարդիկ ինքնակամ ոտքի են կանգնել, բայց այս ամենի մեջ մի շատ կարևոր խնդիր կա. ես չեմ հիշում որևէ դեպք՝ թե՜ Մաշտոցի պուրակի շուրջ համախմբված մարդիկ, թե 150 դրամը բոյկոտողներն այդ քանակությամբ նստացույց անեին զոհված զինվորի համար: Դրա համար ես այս ամենն այնքան էլ լուրջ չեմ ընդունում: 

 - Չե՞ք վերադառնալու Հայաստան:

 - Այլևս չեմ վերադառնալու, Հայաստանում ոչինչ չի փոխվելու, Հայաստանն իմ երկիրն է, ես շատ եմ սիրում Հայաստանը, բայց ատում եմ իշխանություններին: Անգամ եթե Հայաստանը դրախտ դառնա, չեմ գալու: Կարող է գամ երկու ծիրան ուտեմ, մի քանի ընկեր տեսնեմ ու հետ գնամ, բայց այդ երկրում այլևս չեմ կարող ապրել, այստեղ էլ շատ դժվար է, և ես չէի ցանկանա էմիգրանտի կարգավիճակում լինել, բայց այս վիճակը իմ երկիրը ստեղծեց ինձ համար: Ինչպե՞ս կարող եմ հետ գալ մի երկրում ապրել, որն ինձ դուրս է հանել, որն ինձ անհիմն գիշատիչ սարքեց: Մինչև երկիրն ինձնից ներողություն չխնդրի, մինչև Արամեի ծնողները, օլիգարխ պապիկը ներողություն չխնդրեն, գումարած հանրապետակաները, լֆիկները, նեմեցները, մինչև համակարգն ինձնից ներողություն չխնդրի, չեմ գալու, սա իմ դիրքորոշումն է:

Հարցազրույցն ամբողջությամբ` այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more