▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մուկն ու կատու խաղալու ժամանակն ավարտված է

Քաղաքապետի հրաժարականի 7 հիմքեր-պատճառների մասին գրառումիցս ժամեր անց Երեւանի քաղաքապետարանի կայքում տեղադրվեց քաղաքապետի որոշումը հասարակական տրանսպորտի սակագինը թանկացնելու մասին, հավանաբար, գիտակցելով, որ առանց իրավական ակտի հրապարակման 150 դրամ ուղեվարձ ստանալը արդեն քրեորեն պատժելի արարք է: Եւ իրավամաբ, անցած 4 օրերի ընթացքում տեղի ունեցածը քրեական հանցագործություն էր՝ բանավոր հայտարարության հիման վրա դրամաշորթություն:

Քաղաքապետի որոշումն այսօր հրապարակելը նաեւ մեկ պատճառ ունի. հուլիսի 23-ի երեկոյան ժամը 17:00-ին տեղի ունեցավ Ավագանու իրավական հարցերի հանձնաժողովի նիստ, որի ժամանակ պետք է օրակարգ մտցնեինք «Բարեւ Երեւան» խմբակցության պատրաստած Ավագանու ուղերձի նախագիծ՝ առաջիկայում Ավագանու արտահերթ նիստում ընդունելու նպատակով: Իսկ ուղերձի նպատակը տրանսպորտի սակագնի բարձրացման մասին քաղաքապետի որոշման՝ իր իսկ կողմից չեղյալ կամ ուժը կորցրած ճանաչելն էր: Եւ բնականաբար, քանի որ քաղաքապետը այդ պահի դրությամբ էլ թաքցրել էր ակտը, հարցը չընդգրկվեց օրակարգում՝ «իրավական ակտի բացակայության» պատճառաբանությամբ: Ավելին ասեմ. իրավական հարցերի հանձնաժողովն ավագանու այն մարմինն է, որը քննարկում է քաղաքապետի որոշումների համապատասխանությունը օրենսդրությանը: Եւ քանի որ քաղաքապետի ընդունած որոշումը օրինականության հետ կապված լուրջ խնդիրներ ունի, քաղաքապետը այն հրապարակեց այն ժամանակ, երբ հանձնաժողովի նիստը արդեն տեղի էր ունեցել:

Միևնույնն է, այդ ակտի օրինականությունը քննարկման ենք դնելու հենց իրավական հարցերի հանձնաժողովի նիստում: Մուկն ու կատու խաղալու ժամանակն ավարտված է:

 

Ստյոպա Սաֆարյան

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more