▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մովսիսյանը թիմակիցների համար կազմակերպել է «Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրություն

 

Պուլիտցերյան և բազում այլ մրցանակների արժանացած գրող Վիլյամ Սարոյանը իր «Հայը և հայը» ստեղծագործության մեջ գրել է․
«…Կուզեի աշխարհիս երեսին տեսնել այն ուժը, որ խաթարել կարենար այս ցեղը, այս անզոր ժողովրդին, որի պատմությունը պատմված, բոլոր կռիվները մղված ու տանուլ են տրված, որի շենքերը խորտակված, գրքերը չընթերցված, և որի աղոթքները անպատասխան են մնացած: Փորձեք կործանել այս ցեղը: Կործանեցեք Հայաստանը, տեսեք՝ կկարողանա՞ք: Քշեցեք տներից անապատ, մի՛ մոռացեք խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի մատնեցեք նրանց տներն ու եկեղեցիները: Տեսեք դարձյալ պիտի չապրե՞ն: Տեսեք ցեղը դարձյալ պիտի չհառնի՞, երբ նրանցից երկուսը հանդիպեն աշխարհի որևե մասում, ծիծաղեն ու աղոթեն իրենց մայրենի լեզվով, իրենց ստեղծած Նոր Հայաստանում»։
Այս անմահ խոսքերով ավարտվեց վերջերս նկարահանված «Խոստումը» ֆիլմը, որը նվիրված է 1915թ․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս խոսքերը շատ հոգեհարազատ են նաև «Ռեալ Սոլթ Լեյքի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանին։
Անցած շաբաթ, երբ ֆիլմը ցուցադրվեց ԱՄՆ-ում, Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքին» հրավիրեց ֆիլմի մասնավոր ցուցադրմանը։ Այնուհետև նա խոսեց ֆիլմի պատմական նշանակության, իր արձագանքի և այն խոսքերի մասին որոնք դաջել էր իր ձեռքին մոտ մեկ տարի առաջ։
«Այդ մեջբերումը լիովին բնութագրում և նկարագրում է, թե ովքեր են հայերը։ Մենք կռվող ժողովուրդ ենք։ Մենք այն ազգն ենք, որը կարողացավ հաղթահարել ցեղասպանությունը։ Մեր հաղթանակը կլինի ողջ մնալը։ Ինձ համար դրանք լավագույն խոսքերն են աշխարհում, որ կարող էի դաջել մարմնիս։ Սա ամեն ինչ արտահայտում է։ Այս արտահայտությունը բնութագրում է մեզ և ինձ հատկապես՝ որպես անհատականություն։ Այն բնութագրում է մեր ազգը և ժողովուրդը։ Սա է ֆիլմի իմաստը, և այն ներկայացնում է, թե ով ենք մենք»։
«Խոստումը» ֆիլմի համաշխարհային ցուցադրությունից հետո վերջապես մենք ունենք հզոր ֆիլմ ցեղասպանության իրողության վերաբերյալ, որը տեղի է ունեցել 102 տարի առաջ։ Բոլորն ինչ-որ բաներ լսել կամ կարդացել են, բայց սա հնարավորություն է մարդկանց համար՝ սեփական աչքերով տեսնելու իրողությունը։ Սա մեծ նշանակություն ունի, քանի որ մենք՝ հայերս, միշտ պայքարել ենք ցեղասպանության ճանաչման համար։ Յուրաքանչյուր հայի պարտքն է նպաստել Մեծ Եղեռնի ճանաչմանը: Նկարահանել ֆիլմ նման մեծ դերասանների մասնակցությամբ և օսկարակիր ռեժիսորի գլխավորությամբ՝ երաշխավորելով ֆիլմի լայնամասշտաբ տարածումը աշխարհով մեկ… Ժամանակի ընթացքում մարդիկ սկսում են հասկանալ և իմանալ այդ մասին։ Մենք այսօր ևս ականատես ենք դառնում ցեղասպանությունների։
«Մանուկ հասակում, տարիների ընթացքում շատ ես լսում այդ պատմությունները։ Դու ցեղասպանություն ես վերապրել։ Մեր պարտքն է տեղեկացնել այլ մարդկանց մեր պատմության մասին։ Հայաստանը պարզապես փոքր երկիր չէ Արևելյան Եվրոպայում։ Այն ցեղասպանություն տեսած երկիր է։ Դու հաղթում ես՝ ողջ մնալով, և այլ մարդկանց իրողության մասին պատմելով։ Հիասքանչ է տեսնել, թե ինչպես են իմ բազմաթիվ ընկերներ և թիմակիցներ եկել և այսուհետև, կիմանան իրողության մասին։ Սա, միանշանակ, շատ կարևոր է ինձ համար։ Երբ մարդիկ իմանան, նրանք ավելի շատ իրազեկված կլինեն հայերի մասին։ Եվ սա չի վերաբերում միայն հայոց ցեղասպանությանը, այլ նաև մեր պատմությանը, ինչպես նաև մեր օրերում աշխարհում կատարվող դեպքերի մասին։ Սա կարող է օգնել ամբողջ աշխարհին»։
«Բարդ է։ Դու կարող ես իմանալ պատմությունը, բայց, ամեն անգամ հիշելով այդ մասին, ավելի ու ավելի ծանր ապրումներ ես ունենում։ Կարծում եմ՝ հիասքանչ աշխատանք է կատարվել։ Ֆիլմում ներկայացված է ամեն ինչ՝ թե էմոցիաները, թե իրողությունը։ Հայերը ունեն մարտական հոգի և կարողացան հաղթահարել ցեղասպանությունը, օգնել միմյանց և փրկել ում հնարավոր է։ Սա այս ֆիլմի կարևոր մասն է, ինչպես նաև մեր ժողովրդին բնութագրող հատկանշական կետ է։
«102 տարվա ընթացքում աշխարհի կեսը չէր ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ Մենք դեռևս պայքարում ենք այդ ուղղությամբ։ Մենք պարզապես առաջ չենք շարժվում, մենք միշտ պատրաստ ենք պայքարել։ Ես միշտ ստիպված եմ եղել պայքարել, որպեսզի կյանքում հասնեմ այն մակարդակին, որին այժմ հասել եմ։ Ես շատ բան չեմ ունեցել, բայց կարողացել եմ պրոֆեսիոնալ դառնալ 300 մլն․ ազգաբնակչություն ունեցող երկրում։ Ես իմ առաջ չէի դրել ոչ մի ուրիշ նպատակ, բացի պրոֆեսիոնալ դառնալը։ Սա է այն մարտական ոգին, որ բնորոշ է մեր ազգին։ Ոչինչ երբեք սկուտեղի վրա չի մատուցվել մեզ։ Այն, ինչ ստիպված ենք եղել անել, միշտ մեզ տրվել է ամենաբարդ եղանակով։ Սա է մեր ճակատագիրը, և մենք ընդունում ենք այն»։
«Ցանկացած հայ աշխարհի ցանկացած ծայրում հանդիպելով մեկ այլ հայի՝ մտերմանում է։ Սա շատ ջերմ, մտերմիկ արձագանքն է։ Մենք միայն ինքներս կարող էինք պաշտպանել միմյանց։ Մենք ցեղասպանությունը հաղթահարած կամ սպանված սերնդի թոռներն ու ծոռներն ենք։ Դա բնական է, որ մենք միմյանց հանդեպ ունենք ջերմ և մտերմիկ վերաբերմունք»։
«Խոստումը» այժմ ցուցադրվում է կինոթատրոններում։ Ֆիլմից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է տարբեր ոչ առևտրային կազմակերպությունների՝ ուղղված մարդասիրական նպատակների և մարդկային իրավունքների պաշտպանությանը։

VivaroNews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more