Օրերս կառավարությունը , որոշում էր կայացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն ազատել Սամվել Խաչատրյանին, մեկ այլ որոշմամբ, փոխնախարար նշանակելով կադրային ոստիկան Նազարեթ Մնացականյանին:
Այս թեմայով համացանցում տարբեր կարծիքներ ու տեսակետներ հնչեցին:
ASEKOSE.am-ը փորձել է թեմայի վերաբերյալ զրուցել նախարարի հետ` մասնավորապես նրանից ճշտելով հետևյալ հարցերի պատասխանը.
Ի՞նչ է անելու կադրային ոստիկանը սպորտի նախարարությունում:
Յուրի Վարդանյանի շրջապատում շա՞տ են կադրային ոստիկանները և արդյոք նրանցից ոմանք նույնպես չե՞ն հայտնվելու Սպորտի նախարարության աշխատակազմում: Եվ` որևէ պարտավորվածություն ունի՞ նախարարը կադրային ոստիկանների առջև:
Այս բոլոր հարցերի պատասխանները ASEKOSE.am-ը կկարողանա իր ընթերցողներին ներկայացնել, մոտ ապագայում, երբ Յուրի Վարդանյանը որոշում կայացնի ակտիվացնել իր շփումները ԶԼՄ-ների հետ:
Իսկ պասիվության շրջանում սպորտի նախարարը ASEKOSE.am-ի թղթակցին շաբաթ հեռախոսով փոխանցել է, թե «խմբագրությունում բոլորին ասա, որ այլևս լրագրողները չզանգեն իմ անձնական բջջային հեռախոսին»՝ չհետաքրքրվելով անգամ, թե ինչ թեմայի վերաբերյալ է լրագրողը ցանկանում զրուցել նրա հետ:
ASEKOSE.am -ն այսօր էլ կապ հաստատեց Յուրի Վարդանյանի մամուլի խոսնակ Ավետիս Բաբաջանյանի հետ, ով նշեց, որ նախարարը հրաժարվում է որևէ հարցազրույց տալ, որ անգամ հարցերը գրավոր կերպով ուղարկելն անիմաստ է, քանի որ նա հիմա չի պատասխանելու: