▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին պետը Գյումրին ոտքի կկանգնեցնի.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի նախկին պետ Հրաչիկ Խաչատրյանը նշեց, որ դիմել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան  Հովսեփյանին, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին եւ Սերժ Սարգսյանին: Պատճառը 2014թ Գյումրիում հնչած կրակոցներն են:

Հիշեցնենք, որ 2014թ. ապրիլի 28-ին Գյումրու Բուլվարային թաղամասում գտնվող «Շիրակ Ջրմուղկոյուղի» ՓԲԸ շենքի դիմաց կրակոցներ էին հնչել, որոնց արդյունքում հիվանդանոց էր տեղափոխվել 27-ամյա տաքսու վարորդ Արտակ Անդրեասյանը: Դեպքից հետո տեղեկություններ տարածվեցին, որ կրակելու մեջ կասկածվում է Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի նախկին պետ Հրաչիկ Խաչատրյանի որդին` Արկադի Խաչատրյանը: Ավելի ուշ վերջինիս նկատմամբ հայտարարվեց հետախուզում, եւ 3 ամիս անց նախկին պետի որդին ինքնակամ ներկայացավ ոստիկանություն եւ կալանավորվեց: Իսկ ինչն էր եղել կրակոցների պատճառը, եւ ինչո՞ւ է այսօր Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի նախկին պետ Հրաչիկ Խաչատրյանը դիմել Սերժ Սարգսյանին:

 Որտեղից սկսվեց կրակոցների պատմությունը

Ըստ Գյումրու քաղաքապետարանի՝ սպորտի բաժնի նախկին պետ Հրաչիկ Խաչատրյանի` իր որդու մտերիմ ընկերներից մեկը, որը տաքսու վարորդ է, մեկ այլ տաքսու վարորդի հետ խնդիր է ունեցել եւ այն հարթելու համար իր որդուն է դիմել. «Տղես գնացել, հանդիպել է իր ընկերոջ հետ խնդիր ունեցած տաքսու վարորդ Արտակ Անդրեասյանի հետ: Պարզվում է, որ Արտակը Գյումրիում գտնվող տարածքներից մեկը, որտեղ տաքսու վարորդներ են կանգնում, իրենով է արել եւ մյուսներին չի թողել այնտեղ կայանեն իրենց մեքենաները, եւ տղաս գնացել է, խոսի այդ խնդրի շուրջ է: Տղես խոսել է Արտակի հետ, իրար հասկացել են ու խնդիրը հարթել են: Ավելի ուշ՝ երեկոյան, որդիս իր ընկերների հետ Գյումրու Բուլվարային թաղամասում կանգնած է եղել, նույնիսկ այդտեղ է եղել Արտակի քեռին, կանգնել խոսել են: Այս ամենից հետո որդիս նստել է մեքենան ու գնացել է: Տղաս շատ հեռու է գնացած եղել, եւ Գյումրու Բուլվարային թաղամասում հնչել են կրակոցներ: Արտակին տարել են հիվանդանոց, ու այս պատմությունը սաղ սարքել են իմ որդու գլխին, թե նա է կրակել: Նա կապ չունի այս կրակոցների հետ, նրա մեղքը այս պատմության մեջ այնքանով է, որ գնացել է վարորդների միջեւ եղած խնդիրը լուծելու: Ավելին ասեմ, որ կրակոցներից տուժած Արտակի քեռին իր առաջին ցուցմունքում ասել է, որ դեպքի օրը նշված թաղամասում Արկադիի հետ է եղել, նրան  ճանապարհելուց հետո են կրակոցները հնչել: Արտակի մայրն էլ է ասել, որ կրակոցների ժամանակ այդ թաղամասում Արկադին չի տեսել»:

Մեր զրուցակցի պատմելով` դեպքից որոշ ժամանակ անց, սակայն, տուժողների հարազատները ցուցմունքները փոխել են. «Արտակի քեռին ասում է, թե կրակոցների ժամանակ ինքը այդտեղ չի եղել, իսկ տղայի մայրն էլ գրել է, թե Արկադին տեսել է կրակոցների ժամանակ: Հիմա էլ դեպքից անցել են ամիսներ, եւ կրակոցներից տուժած տղայի հարազատները ներողություն են խնդրում, թե իրենք կլյաուզա են հանել, ներողություն են խնդրում, որ իմ երեխուն չկատարած գործի մեջ են մեղադրում: Ու այս ամենի արդյունքում իրական կրակողները դրսում են, իսկ իմ որդին  հայտնվել է ճաղերի հետեւում: Այս գործով այնպիսի մարդիկ կան, որոնց չեն տարել, քննել: Քննիչներին ասում եմ՝ ինչո՞ւ չեք քննում այս մարդկանց, ինձ ասում են՝ մենք ինչ իմանանք, թե ով են: Տո, դուք օդի մեջ ճանճ եք բռնում, դուք չգիտեք, թե ով է եղել իմ որդու հետ, ո՞ւմ պետք է քննեք: Արդեն 3-4 անգամ է՝ նամակով դիմում եմ նախագահին, որ խայտառակ իրավիճակ է, որ մարդկանց գլխին գործ են սարքում»:

Հրաչիկ Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ իրավապահները լավ էլ գիտեն, թե ով է  եղել իրական կրակողը: Մեր հարցին՝ արդյոք ինքը տեղյակ է, թե ով եղել կրակոցների հեղինակը, Հ. Խաչատրյանը պատասխանեց, թե գիտի, սակայն հրաժարվեց անուններ տալ: 

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more