▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլը հայ ժողովրդին հայտարարել է «հիշողության պատերազմ»․ Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տնային կալանքի վայրից դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Հովսեփ Սարգսյանը նրան ուղղված խոսքում նշել է. «Պարոն Աշոտյան, անկեղծ ասած, տեղս չեմ գտնում նաև Հայոց ցեղասպանության և Արևմտյան Հայաստանի շուրջ սրանց շահարկումներից»:

Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Սրանց կռիվը հայկական ինքնության դեմ համակարգային է և չի սահմանափակվում միայն ներկայով։ Սրանք բացահայտ մարտնչում են նաև մեր անցյալի դեմ։ Նիկոլը հայ ժողովրդին հայտարարել է «հիշողության պատերազմ», փորձելով այդ կերպ հարմարեցնել մեր պատմությունն Անկարայում նախագծած «ապագային»։ Որովհետև պատմական հիշողությունն է մեծապես ազդում երկրների արտաքին և ներքին քաղաքականությունների վրա։

Վերցնենք նույն Ուկրաինան, որտեղ մինչև այս պատերազմը նախագահ Յուշչենկոյի օրոք ազգային ինքնության լրջագույն տարր էր դարձվում Գոլոդոմորը և նրա միջազգային ճանաչումը։

Ավելի թարմ օրինակ։

Հայտնի է, որ լեհ-ուկրաինական հարաբերություններում լրջագույն խնդիր են 1943-44 թվականներին լեհերի զանգվածային սպանություններն Ուկրաինայի Վոլինի շրջանում։ Լեհական իշխանություններն անկախ Ուկրաինայի ներկայիս կարևորությունից, նույնիսկ ընթացող պատերազմի պարագայում, երբեք չեն մոռացել այս հարցը և դիտարկել են Վոլինի ջարդը՝ որպես ցեղասպանություն։ Իսկ օրերս Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, առաջ մղելով այդ հարցը, հրապարակավ հայտարարեց, որ Ուկրաինայի հետ պայմանավորվել են ջարդերի զոհերի աճյունները արտաշիրմելու մասին՝ շեշտելով, որ առանց Վոլինի ջարդերի հարցի հանգուցալուծման՝ չի կարող լինել լիարժեք հաշտեցում Ուկրաինայի հետ։ Կրկնեմ. այս հետևողականությունն ու կոշտությունը Լեհաստանը դրսևորում է Արևմուտքի «любимчик» Ուկրաինայի հանդեպ՝ հետապնդելով սեփական ազգային շահերն ու արժանապատվություն դրսևորելով։ Ու ոչ մի այլ երկիր՝ ԱՄՆ, Գերմանիա կամ Ֆրանսիա, չեն կարող «հաշտեցման» խաթր այդ հարցն արանքից հանել»։

Հարցերն ու պատասխաններն ամբողջությամբ՝ տեսանյութում

***

«Նիկոլին, կարծես, հաջողվում է նախընտրական տենդով վարակել որոշ վայ-ընդդիմադիրներին, ինչն արտահայտվում է ձայն կպցնելու և փախցնելու նրանց փնթի արշավով»,-«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ասել է ՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքում գտնվող Արմեն Աշոտյանը։

Հարցին՝ «Սերժ Սարգսյանի և Հանրապետականի վրա հարձակումները նոր թափ են ստացել։ Ինչո՞վ եք դա բացատրում», Ա. Աշոտյանն ասել է. «Դաշտում իրոք նկատելի է որոշ շրջանակների կողմից ուղղորդված քարոզչությունը ՀՀ երրորդ նախագահի և Հանրապետականի դեմ։ Այդ արշավն իր գարշահոտությամբ բացահայտում է իր տերերին, որոնք թեպետ տարբեր ճամբարներից են, բայց զարմանալի զուգադիպությամբ փորձում են նույն թիրախին խփել։ Նրանց մեջ են և՛ ցայսօր նիկոլամերձ գործիչներ, և՛ այժմ ընդդիմադիր, բայց 2018թ.-ին Նիկոլի համար իրենց մարմինը ողջ երկայնքով ճղող դեմքեր, և՛ առողջ ամբիցիաների անառողջ դրսևորումներով «սկսնակներ»։

Նրանց բոլորին միավորում է նաև մեկ այլ անջնջելի խարան՝ 2018թ.-ին նրանք կա՛մ բացահայտ սատարել են իշխանազավթմանը, կա՛մ հրճվել հոգու խորքում, կա՛մ տոտալ անտարբեր եղել ողբերգություն գուժող այդ աղետի հանդեպ։ Ցավոք, նման կեցվածք որդեգրածների մեջ հանդիպում են նաև իրականում ազնիվ, բայց մոլորված հայրենակիցներ, ովքեր իրենց ապատիան և հիասթափությունը փորձում են պարպել՝ դավադրապաշտական և միստիկ վարկածների գրկում։

Չեմ բացառում, ի դեպ, որ որոշ շրջանակներ նաև դրսի պատվեր են կատարում՝ թողնելով Նիկոլին և սևեռվելով մեր վրա։ Սերժ Սարգսյանն ու Հանրապետականը շատերին են խանգարում թե՛ երկրի ներսից, թե՛ դրսից. 2018թ.-ը վկա։ 2018թ.-ից առ այսօր ոչ մի քաղաքական ուժ այդքան չի տուժել, չի հալածվել, չի դիմակայել նիկոլական ռեժիմին, քան Հանրապետականը։ Կարկուտ տեսածը անձրևից չի վախենա, բայց քամի ցանողները պիտի պատրաստ լինեն փոթորիկ հնձել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more