▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր փիղը Հայաստան կգա` ազատավանդակի կառուցման դեպքում

Հունիսի 20-ը կենդանաբանական այգիներում ապրող փղերի պաշտպանության օրն է, չնայած որևէ երկրում պաշտոնական բնույթ չի կրում:

Փղերի ընտանիքի կաթնասուն է: Մարմնի բարձրությունը մինչև 3,5 մ, վերջավորությունները սյունաձև են, առջևինները` 5, ետինները 4 կամ 5 մատներով: Յուրաքանչյուր մատ ունի եղունգանման սմբակ: Վերին շրթունքը և քիթը սերտաճել են` առաջացնելով երկար և շարժուն կնճիթ, որի վերջում տեղավորված են քթանցքերը և մատնանման ելուստները: Կնճիթը ծառայում է որպես շոշափելիքի, հոտառության և բռնելու օրգան: Ներկայումս տարածված են Աֆրիկա և Ասիա մայրցամաքներում: Սնվում է արմատներով, տերևներով, հազարով, կեղևով, տարբեր մրգերով, շաքարեղեգով, բույսերով:

Օրվա  հետ կապված ASEKOSE.am-ի թղթակիցը կապ հաստատեց Երևանի կենդանաբանական այգու մամուլի պատասխանատու Կարինե Մուրադյանի հետ, ով ասաց, որ միջոցառումներ չեն նախատեսում, իրականացվում են վերանորոգման աշխատանքներ:

Ինչ վերաբերում է տարվող աշխատանքներին`  այլ փիղ  ձեռք բերելու ուղղությամբ, ապա մեր զրուցակցի խոսքով հնարավոր է ձեռք բերել, միայն թե հնարավոր ազատավանդակի կառուցումից հետո:

«2012-ի հունիսին, Երևանի կենդանաբանական այգին ձեռք է բերել EAZA-ի թեկնածու անդամի կարգավիճակ: Դա նշանակում է, որ այգին ունի  մի շարք պարտավորություններ, ըստ որի պետք է բարելավի  կենդանիների կենսապայմանները և համապատասխանի EAZA-ի չափանիշներին: Համաձայն EAZA-ի կանոնակարգի՝ Երևանի կենդանաբանական այգին կարող է փիղ ձեռք բերել առանց գումարի՝ միայն հնարավոր ազատավանդակի կառուցման դեպքում: Սակայն այսօր դեռ կան խնդիրներ` Գրանդ փղի կենսապայմանների բարելավման հետ կապված»,-նշեց Կարինե Մուրադյանը:

 

Հարցին, թե փղի կենսապայմանների բարելավման համար ի՞նչ քայլեր են ձեռնարկվում` Կարինե Մուրադյանը պատասխանեց, որ շարունակվում է Գրանդ փղի ընդհանուր ազատավանդակի վերակառուցումը, որը խիստ անհրաժեշտ էր թե փղի, և թե փղին խնամող անձնակազմի անվտանգության համար.

«Փղի ազատավանդակի վերակառուցումը հնարավոր է դարձել Գրանդ Քենդի ընկերության ավելի քան քսան միլիոն ՀՀ դրամ ներդրման շնորհիվ: Վերակառուցումից հետո փղի ձմեռանոցը ապահովված կլինի ջեռուցման և օդափոխության նորացված համակարգերով ավելի ընդարձակ և լուսավոր տարածքով, խնամքի համար անհրաժեշտ անվտանգության նորմերով, կոյուղագծով, տաք և սառը քսանչորսժամյա ջրագծով, զբաղվածության ապահովման համար նոր սարքավորումներով և խնամքի համար այլ անհրաժեշտ պարագաներով»,-պատասխանեց Կարինե Մուրադյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more