Կիլիկիա թաղամասում, մայիսի 19-ին «Բալյան» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ իր դռները բացեց «Կիլիկիա» առևտրի կենտրոնը, որտեղ աշխատատեղերի թիվը հասնում է 350- 400-ի:
Սակայն այսօր առևտրի կենտրոնը լուրջ խնդիրների առջև է կանգնել. Ըստ ՊԵԿ-ի, առևտրի կենտրոնը փակվում է ապօրինի գործունեություն ծավալելու համար:
Խնդիրը պարզելու համար ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցեց ընկերության իրավաբան Հունան Տեր-Հովսեփյանի հետ:
«Ընկերության աշխատանքները գտնվում են սնանակացման գործընթացում: Գործընթացի շրջանակներում դիմել ենք դատարան` գործունեության վերսկսում թույլատրելու խնդրանքով: Դիմումը բողոքարկվել է և գտնվում է Վերաքննիչ դատարանում»,-ասաց իրավաբանը` հավելելով.
«Ընկերությունն ունի գործունեության իրականացան լիցենզիա, որը տրվել է Առևտրի և էկոնոմիկայի նախարարության կողմից, որի հիման վրա ունենք պայմանագրեր, ըստ որոնց կարող են սկսել գործունեությունը, իսկ հարկային մարմինը գործունեության վերսկսումը դիտում է քրեաիրավական արարք, հանցագործություն` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության տեսքով»:
Հունան Տեր-Հովսեփյանի խոսքերով հիմա իրականացվում է քննչական գործունեություն, զննում, ինչի արդյունքում էլ կասեցվում է գործունեությունը, կնքվում, սակայն, ըստ իրավաբանի, հարկային մարմինը դրա իրավունքը չունի:
ASEKOSE.am-ի թղթակցի հարցին, թե կոնկրետ էլ ի՞նչ պատճառաբանություններ է բերում հարկային մարմինը` Հունան Տեր-Հովսեփյանը պատասխանեց.
«Միակ պատճառաբանությունը հետևյալն է. դիմել եք դատարան` գործունեության վերսկսման համար, մերժվել եք, ուստի գործունեությունը ապօրինի է»:
Առևտրի կենտրոնի առջև բողոքի ցույց էին կազմակերպել կենտրոնի աշխատակիցները, որոնցից մեկն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ աշխատանքները դադարեցնելուց առաջ պետք էր զգուշացնել, իսկ հիմա իրենք անորոշ վիճակում են հայտնվել.
«Ժողովուրդն ի՞նչ մեղք ունի, այդքան ծախս է արել, 20 օր կանգնել է ու ոչնչից անտեղյակ: Ո՞վ է հատուցելու այդ կորուստը, թող բարի լինեն հաշիվները տնօրինության հետ լուծեն, ոչ թե ժողովրդի հաշվին»,-ասաց մեր զրուցակիցը:
Իսկ ինչ վերաբերում է կատարվելիք քայլերին` իրավաբանը նշեց, որ դատարանի որոշումը բողոքարկվել է, կսպասեն հետագա զարգացումներին: