▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորանշանակներից ո՞վ է որևէ բիզնեսի հետ չկապված հրեշտակ. Լևոն Զուրաբյանը գիտի

«Գործ ունենք մի վարչապետի հետ, ով երբեք այդ պաշտոնում չի եղել, լի է երիտասարդի ավյունով, անժխտելի կենսախնդութմաբ և ընդդիմադիրներին ազգանպաստ գործերին մասնակից դարձնելու անխոնջ ձգտումով»,-այսօր ԱԺ-ում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` շարունակելով.

 «Այստեղ է, որ միշտ ծանր պահերին մեզ օգնության է գալիս Աստվածաշունչը: Ըստ ՄատթԷոսի Ավետարանի Է գլխի, «Չի կարող բարի ծառը չար պտուղ բերել, ոչ էլ չար ծառը` բարի պտուղ: Իսկ մենք շատ լավ գիտենք, թե այս կառավարությունը որ ծառից է: Այդ ծառը կոչվում է Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական ավազակապետական ռեժիմ, որը կեղծված ընտրությունների միջոցով երկրում յուրացրել է իշխանությունը, և որի միակ գործը տարիներ շարունակ եղել է ժողովրդի ունեզրկումն ու թալանը: Աստվածաշնչի նույն տեղում հափշտակող գայլերի մասին գտնում ենք հետևյալ բառերը.«Իրենց գործերից կճանաչենք նրանց: Ի՞նչ է մեզ հուշում Աստվածաշունչը: Որ ոչ թե հավատանք ոչխարի հանդերձանքով մեզ մատուցվող թղթի կտորներին, այլ ճանաչենք ձեզ ձեր առաջին իսկ գործերով: Այս կարճ ժամանակահատվածում նոր կառավարությունը մի քանի քայլ է կատարել, որոնք բացում են ողջ էությունը»,-ասաց Լևոն Զուրաբյանը` հիշեցնելով, որ վարչապետը խոստացել էր անսալ ժողովրդի 80 տոկոսի պահանջին և հանել կուտակային հիմնադրամների բարեփոխման պարտադիր բաղադրիչը:

«Եվս մեկ անգամ ցույց տվեցիք Ձեր խոստումների իրական արժեքը և ապացուցեցիք, որ Ձեր բոլոր խոստումները ընդամենը ժամանակ շահելու և ժողովրդին խաբելու նպատակ են հետապնդում: Երկրորդ, դեռ ծրագիրը չհաստատված, Դուք որոշեցիք հանել շքեղության հարկը: Երրորդ, հայտնի գործարար Գագիկ Խաչատրյանի ձեռքերում կենտրոնացրեցիք պետական մեքենայի այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են` հարկերի ու մաքսերի հավաքագրումը, պետության ֆինանսների կառավարումը` ինչպես եկամտային, այնպես էլ`ծախսային մասով, ըստ էության հռչակեցիք մի մանիֆեստ, որով պաշտպանեցիք պետական մեքենայի առևանգումը: Սրանով ազդարարում եք, որ մենաշնորհային տնտեսութունը, պետական իշխանության չարաշահումը  պաշտոնապես վերածվում են պետական քաղաքականության»,-ասաց պատգամավորը:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը անդրադառնալով պարզաբանումներին, համաձայն որոնց, թե իբր կառավարության անդամները վարչապետին խոստացել են  այսուհետև բիզնեսով չզբաղվել, չչարաշահել պետական իշխանության լծակները, ուղղակի ծիծաղելի համարեց.

«Խորհուրդ կտայի կազմակերպել կառավարության անդամների կոլեկտիվ ինքնախոստովանություն և զղջում` ԱԺ-ի դահլիճում, որ ինքնամաքրման այդ թատրոնն ավելի համոզիչ լինի»,-նկատեց Լևոն Զուրաբյանը:

«Այնպիսի տպավորություն է, որ ողջ հանրապետությունում պեղվել ու կառավարության անդամ են նշանակվել ՀՀ ամենավարկաբեկվածները»,-նկատեց Լևոն Զուրաբյանը:  Նա նշեց նաև Երվանդ Զախարյանի,  քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի  անունները:

«Էլ ո՞ւմ ասեմ, ո՞ւմ անունը տամ: Նորանշանակներից ո՞վ է որևէ բիզնեսի հետ չկապված հրեշտակ: Դավիթ Հարությունյանը, թե՞ Կարեն Ճշմարիտյանը,-ասաց նա` հավելելով, որ կառավարության կազմում որպես գործարար հայտնի չէ 4 մարդ:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more