▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ իշխանական 4 ուժերի հայտարարությունը

Ոչ իշխանական 4 ուժերի 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25 հունվարի 2014 թվական

2014թ. հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը, մինչև գործի դատաքննության ավարտը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունները: 
Սա նշանակում է, որ 1974-ին և դրանից հետո ծնված աշխատող անձինք չեն խախտել օրենքի պահանջը՝ մինչև 2014թ-ի հունվարի 1-ը չընտրելով կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ:
Բացի այդ՝ առնվազն մինչև 2014թ. մարտի 28-ը գործատուները կարող են չհաշվարկել և չփոխանցել այդ աշխատողների համար կուտակային վճարները՝ չկրելով որևէ պատասխանատվություն:
Ելնելով այս որոշման էությունից, վերահաստատելով օրենքի պարտադիր բաղադրիչի վերացման ուղղությամբ համակարգված պայքարի կարևորությունը՝ 
Կոչ ենք անում
1. Գործատուներին՝ աշխատողների աշխատավարձից պարտադիր կուտակային վճարի հաշվարկում և փոխանցում մի կատարեք: Այլապես, աշխատակիցների փաստացի տնօրինվող աշխատավարձերը կնվազեն, աշխատակիցներին կստիպեք այս անորոշության մեջ ընտրություն կատարել կենսաթոշակային ֆոնդերի և կառավարիչների միջև: Եվ եթե 2014թ. մարտի 28-ի դատաքննությամբ օրենքի վիճահարույց դրույթները ճանաչվեն սահմանադրությանը հակասող և անվավեր, դուք և ձեր աշխատակիցները կկրեք չվերականգնվող ֆինանսական կորուստներ:
2. 1974 թվականին և դրանից հետո ծնված աշխատող բոլոր քաղաքացիներին՝ մի կատարեք ընտրություն կենսաթոշակային ֆոնդերի և կառավարիչների միջև, հորդորեք ձեր գործատուներին, որ ձեր աշխատավարձից պարտադիր կուտակային վճարներ չպահեն և չփոխանցեն:
3. Գործատուների միություններին և արհմիություններին՝ պաշտպանեք ձեր իրավունքները համախմբված հասարակության հետ, թույլ մի տվեք որևէ մարմնի կողմից ձեր կազմակերպության անդամների նկատմամբ անօրինականության պարտադիր գործադրում:
4. ՀՀ պաշտոնատար անձանց, կառավարությանը և Կենտրոնական բանկին՝ դադարեցրեք ապատեղեկատվությունը քննարկվող օրենքի վերաբերյալ, ինչը մենք գնահատում ենք որպես բացահայտ ճնշում Սահմանադրական դատարանի վրա:
5. ՀՀ բոլոր քաղաքացիներին, կազմակերպություններին և պայքարող երիտասարդությանը՝ էլ ավելի համախմբված, լայն թափով շարունակեք պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելուն ուղղված գործողությունները:
Մենք ակնկալում ենք, որ Սահմանադրական դատարանը կճանաչի պարտադիր բաղադրիչը Սահմանադրությանը հակասող և կառաջարկի խնդրի սահմանադրական լուծման այնպիսի տարբերակ, որը հաշվի կառնի կենսաթոշակային համակարգի առջև ծառացած բոլոր մարտահրավերները:

Մենք վճռական ենք շարունակել պայքարը կուտակային կենսաթոշալային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ:

ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններ՝

«Բարգավաճ Հայաստան»
«Ժառանգություն»
ՀԱԿ 
ՀՅԴ

 

Արծվիկ Մինասյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more