Անցյալ տարի սեպտեմբերի 23-ին Երևանում պետք է տեղի ունենար ամերիկացի ռեփեր Սնուպ Դոգի երևանյան համերգը, սակայն, Արցախում ողբերգական իրադարձություններով պայմանավորված, այն հետաձգվեց։
Մի քանի մլն դոլար ռեփերին վճարած իշխանություններն ենթարկվեցին կոշտ քննադատության։ Այս ողջ ընթացքում, պաշտպանվելով քննադատությունից, ԿԳՄՍ նախարարը տարբեր ժամկետներ էր նշում, թե երբ է համերգը կայանալու: Նպատակը մեկն էր՝ ապացուցել, թե Փաշինյանի կառավարությունը միլիոնավոր դոլարների մսխում չի կատարել:
Այդպես, ամիսներ առաջ հայտարարվեց, թե համերգը տեղի կունենա հունիսին, սակայն կրկին, «как и ожидалось», այն տեղի չունեցավ։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ–ում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ նոր ժամկետ հնչեցրեց.
«Այս տարվա ընթացքում սպասում ենք կազմակերպության կողմից առաջարկների։ Ժամկետի հետ կապված 3 առաջարկ պետք է ներկայացնեն։ Մենք կընտրենք ամենանպատակահարմարը համերգը կազմակերպելու համար։ Նախնական ունենք տպավորություն, որ դա կարող է օգոստոսին լինել և սպասում ենք գրավոր առաջարկի, որպեսզի կարողանանք հայտարարել»,- ասել էր ԿԳՄՍ նախարարը։
MediaHub.am-ը գրում է.
Այս հայտարարությունից հետո` հունիսին, MediaHub-ը կապ էր հաստատել կազմակերպիչ՝ Doping space ընկերության հետ, որտեղից հավաստիացրել էին, որ այս ամառ համերգը տեղի կունենա, սակայն հստակ ամսաթիվ իրենք էլ չէին նշել։ Եվ ահա, արդեն գրեթե օգօստոս ամիսն է, իսկ ժամկետ հստակ գրված կամ հայտարարված չկա։
MediaHub-ը կրկին դիմեց կազմակերպիչներին, թե օգոստոսին ե՞րբ տեղի կունենա Snoop Dogg-ի համերգը: Այս անգամ էլ ստացանք հետևյալ պատասխանը.
«Մենք ասել էինք կհայտարարենք, բայց ամիս չէինք նշել, այս պահին ամսաթվի վերջնականացման փուլում ենք, որը շուտով կհայտարարենք»։
«Թարսի պես»՝ ամենը ձայնագրված ունենք՝ թե՛ ԿԳՄՍ նախարարի խոսքը, թե՛ կազմակերպիչների, որոնք մեզ ասել էին, որ ամռանը համերգը տեղի կունենա, իսկ օգոստոսը, հիշեցնենք, ամռան վերջին ամիսն է։ Մեր հիշեցումից հետո, ընկերությունից փոխանցեցին․
«Մոտ օրերը կհայտարարենք, հավելյալ տեղեկություն՝ այս պահին, չենք կարող տրամադրել»
Զարմանալի է, որ Հայաստանում, ուր ամեն ամիս համերգներ են տեղի ունենում, ոչ մի համերգ այսքան չի ձգձգվել, որքան այն մեկը, որի անցկացման համար Կառավարությունը մեր բոլորիս վճարած հարկերից այդքան շռայլ հոնորար է վճարել: Կա՛մ պետք է չեղարկել համերգը և խիզախություն ունենալ հայտարարել այդ մասին, կա՛մ հստակ ասել, թե կոնկրետ անցկացման ժամկետը: Միայն «օդ կրակելով» չէ, որ ասես՝ հունիս, ապա օգօստոս, իսկ օգոստոսը գալուն պես, թե բա՝ կտեղեկացնենք:
ԿԳՄՍ նախարարին էլ ուզում ենք հարց ուղղել՝ կա՞ մի հարց, որում Դուք կոմպետենտ եք։
Ի դեպ, MediaHub-ը նաև ուսումնասիրեց Snoop Dogg-ի պաշտոնական էջը, փնտրում էինք Երևանում կայանալիք համերգի անոնսը, քանզի նման մեծության աստղերը գրեթե մեկ տարի առաջ արդեն գիտեն, թե որ օրը աշխարհի որ ծայրում են ելույթ ունենալու, սակայն այստեղ ևս երևանյան համերգի մասին ոչ մի տեղեկություն։ Մինչդեռ, օրինակ, նշված է, որ սեպտեմբերին Snoop Dogg-ն ունի մի քանի համերգ ԱՄՆ–ում, այնպես որ հուշենք թե՛ ԿԳՄՍ նախարարին, թե՛ կազմակերպիչներին, որ հանկարծ օգոստոսին համերգը չկայանալուց հետո հերթական անգամ ժամկետի մասին խոսելիս սեպտեմբեր ամիսը հանկարծ չնշեն։