▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օլիգարխը այլևս ձևավորված սիմվոլ է, ում անվադողերի ու մտքի տակ տնքում է մեր մայրաքաղաքը

Մեկ անձի մոնոպոլիա, մեկ անձի ամենաթողություն, ու, վերջապես, մեկ անձի շինում քաղաքի մշակութային հուշարձանի և ընդհանրապես քաղաքի: Փակ շուկան, կարծես, այլևս չկա, բայց դրա հետ նաև չկա այն Երևանը, որ մենք ժառանգել էինք մեր պապերից, դրա հետ չկա այն կոլորիտը, որով մեր սիրելի քաղաքն առանձնանում էր որպես ոգեղեն մեղեդայնություն՝ դրոշմված իր ճարտարապետական զարդանախշ պատերին: Իսկ ինչ-որ մութ ու մթագնած ուժեր սկսեցին սալիկապատել, ապակեպատել, ապամոնտաժել ու այլանդակապատել մեր կոլորիտը, մշակույթը, մեր դեմքը: Ինչպե՞ս կարելի է Հաննիբալյան երդումով, բայց պունիկյան հավատարմությամբ կռնատել, այլանդակել այն քաղաքը, որտեղ ապրում ես, որի օդը շնչում ես: Ու պետությունն էլ անզոր գտնվեց զսպելու ընդամենը մեկ մարդու որկրային քաղցը, այն դեպքում, երբ բազմաթիվ անգամ հայտարարվեց շինարարության ապօրինության մասին. և քաղաքապետարանը, և մշակույթի նախարարությունն այդ շինարարությունը ճանաչել էին ապօրինի: Այսօր Նարեկ Սարգսյանն էլ ստիպված եղավ ինքնախոստովանել պետության անզորությունը, անճարակությունը ամենազոր օլիգարխիայի վոլյունտարիզմի դեմ: Բայց մենք գիտենք, թե ինչպես է պետությունը կարողանում լուծել ցանկացած բնույթի հարց, այդ թվում՝ սեփական դիրքում արմատակալած օլիգարխին վտարել բոլոր առումներով անդաստանները: Ուրեման սա անկարողությո՞ւն էր, թե՞ ֆինանսական-տնտեսական հերթական բտում («բտման» կամ «գրպանային օլիգարխիզացիա»): Դժվար է ասել, ամեն դեպքում, պետական որոշ օղակներ, իրոք, անօգնական գտնվեցին բոլոր ժամանակների հոմո-օլիգարխուսի դեմ: Բայց Երևանցին՝ այն կոլորիտի հարգն իմացող մարդը, ումի՞ց պահանջի իր Երևանը, ինչպե՞ս պահանջի, իսկ նա դրա իրավունքն ունի: Եվ ու՞ր է դեռ սավառնելու մարդկային ողորկ ուղեղի տարածական ողջ հարթությունը, որքա՞ն կառույցներ ու մշակույթ է ոչնչացնելու դոլարային «անարժեհամակարգը», ուղեղ, որն այնքան ողորկ է, որի վրա կարող է գայթել անգամ տարրական գիտելիքը, այնքան սնամիտ, որ կարող է խեղել ցանկացած արժեք ու մշակույթ, այնքան ագահամիտ, որի համար ցանկացած բան չափվում է փողով: Բայց այդ մարդը միայն ինքը չէ, այն միայն մեկ օլիգարխ չէ, սա այլևս ձևավորված սիմվոլ է, արժեքային կողմնորոշում, տեսլական, մշակույթ ու մշուշոտ ապագայի, բռնաբարված քաղաքի ու երկրի, դեգրադացված իրականության, ամբարտավան վարքի սև ուրվագիծ, ում անվադողերի ու մտքի տակ տնքում է մեր Մայրաքաղաքը: Շատերն են ժամանակի ու տարածության բարիքները քերել ագահաբար, բայց այդպիսիններին ժամանակը հաճախ դարձնում է «Անհողին»:

Արման Սահակյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more