▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օրանժ Արմենիան»՝ ընդդեմ Հայաստանի տարածքային ամբողջականությա՞ն

1992թ. օգոստոսի 8-ին ադրբեջանական զինված ուժերը գրավեցին ՀՀ տարածքի անբաժանելի մաս համարվող Արծվաշեն գյուղը: Գյուղի մոտ 1800 բնակիչները ստիպված եղան լքել գյուղը և բնակություն հաստատել Ճամբարակ գյուղում: Արծվաշենը շարունակեց մնալ ՀՀ անբաժանելի մասը, քանի որ Հայաստանը միջազգային հանրության կողմից ճանաչվել է Արծվաշեն գյուղի հետ: Միջազգային բոլոր քարտեզներում Արծվաշենը նշվում է՝ որպես ՀՀ տարածք: Գյուղի այն ժամանակվա գյուղապետ Մամիկոն Խեչոյանն իրեն շարունակում է համարել Արծվաշենի գյուղապետ, իսկ արծվաշենցիները հավատում են, որ մի օր վերադառնալու են իրենց հայրենի գյուղ:

Գրում է 168.am-ն ու նշում, որ  այսօր Հայաստանում տպագրվում են քարտեզներ, որոնց վրա իսպառ բացակայում է հայկական այս անկլավը: Մասնավորապես, «Օրանժ Արմենիա» ընկերության կողմից Երևանում կառուցվող ավտոտրանսպորտային կանգառների հետնամասում փակցված է մի քարտեզ, որի վրա չկա Արծվաշենի տեղանշումը: Արդյոք դա թյուրիմացությո՞ւն է, թե «Օրանժ Արմենիայում» չգիտեն էլ, որ հայկական նման գյուղ գոյություն ունի, որն իրավաբանորեն պատկանում է Հայաստանին, թեև 21 տարի առաջ գրավվել է Ադրբեջանի կողմից:

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» հ/կ ղեկավար Կարեն Հեքիմյանը 10 օր առաջ նամակով դիմել է «Օրանժ Արմենիա» ընկերությանը և հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին՝ խնդրել է պատասխանել իր մի քանի հարցերին: Մասնավորապես, Հեքիմյանը հարցնում է, թե ի՞նչ պատճառով  ՀՀ անբաժանելի մաս համարվող Արծվաշենը չի ընդգրկվել ընկերության կողմից Երևան քաղաքում կառուցվող կանգառների վրա փակցված քարտեզների վրա, ո՞ր աղբյուրն է հիմք հանդիսացել նման քարտեզ ստեղծելու համար, և արդյո՞ք Արծվաշենը ՀՀ քարտեզում չընդգրկելն արտահայտում է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի պաշտոնական տեսակետը Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ:

«Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ից Կարեն Հեքիմյանին որևէ պատասխան չեն տվել: Նա գրեթե նույնանման հարցով դիմում է ուղարկել Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի անունով՝ խնդրելով պատասխանել, թե արդյո՞ք Հայաստանի Հանրապետության տարածքում կա Արծվաշեն անունով գյուղ, և եթե՝ այո, ՀՀ ո՞ր մարզի տարածքում է այն ընդգրկված: Տարածքային կառավարման նախարարությունից ևս Կարեն Հեքիմյանին չեն պատասխանել: Կարելի է պնդել, որ Հեքիմյանին այդպես էլ չեն պատասխանի, թերևս, չիմանալով ինչ պատասխանել:

Հայաստանում այս հարցի նկատմամբ չափազանց անլուրջ մոտեցում կա: Եվ ոչ միայն «Օրանժ Արմենիայի», այլև բազմաթիվ ուրիշ քարտեզներում կարելի է տեսնել Հայաստանը՝ պատկերված առանց Արծվաշենի: Բայց հնարավոր չէ պատկերացնել Ադրբեջանում տպագրված որևէ քարտեզ, որտեղ Ղարաբաղը կամ նույնիսկ մեկ գյուղ, որը նախկինում գտնվել է Ադրբեջանական ԽՍՀ տարածքում, պատկերված չլինի՝ որպես ադրբեջանական տարածք: Հնարավոր չէ պատկերացնել, որ Վրաստանում կարող է տպագրվել մի քարտեզ, որտեղ աբխազական որևէ գյուղ ներառված չլինի այդ քարտեզում: Ընդհակառակը՝ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել ցուցանակների, որոնք ցույց են տալիս, թե ինչպես կարելի է հասնել Սուխում, կամ քանի կիլոմետր է մնացել մինչև Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալ:

Կարեն Հեքիմյանն ասում է, որ ինքը հետևողական է լինելու այս հարցում և ստիպելու է, որ բոլոր այդ քարտեզները փոխվեն, և այնտեղ Հայաստանը ներկայացվի միջազգայնորեն ճանաչված իր սահմաններով: Կամ թող պաշտոնապես հայտարարվի, որ Հայաստանն Արծվաշենը զիջել է Ադրբեջանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more