▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞րն է ինքնասպանության և անհետացման դրդապատճառը. «Ժողովուրդ»

Փետրվար ամսում Գյումրի քաղաքի Կամոյի եւ Անի թաղամասերում արտառոց դեպքեր են տեղի ունեցել: Փետրվարի 9-ին սիրելի հայլու առաջ ինքնասպան եղավ ակադեմիայի ուսանող Ժենյա Սարիբեկյանը, իսկ, ահա, մեկ շաբաթ անց 14-ամյա Քրիստինեն անհասկանալի պատճառներով անհետացավ:

 

Գրել էինք, որ Ժենյա Սարիբեկյանը սովորում էր գեղարվեստի պետական ակադեմիայի մագիստատուրայում: Վերջինիս մայրն աշխատում է Գյումրիի հագուստի խանութում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ինքնասպան եղած Ժենյայի մայրը՝ տիկին Արփինեն, լացակումած պատմեց, որ դեպքի առավոտյան Ժենյան լավ տրամադրություն է ունեցել. «Ասեց՝ մամ ջան, սուրճ դիր, խմենք, դրեցի, խմեցինք ու ես գնացի աշխատանքի: Նա շատ լավ, ուրախ տրամադրություն է ունեցել: Դեպքի օրը օրվա ընթացքում չեմ զանգել, քանի որ ես միշտ գործի եմ գնացել, ինքը տան էր ու իր համար նկարում էր»:

Ըստ ինքնասպան եղած աղջկա մոր՝ երբ ինքը վերադարձել է տուն, տեսել է աղջկան տան՝ ապակիով պահարանի դռնից կախված վիճակում. «Չգիտեմ՝ պահի տակ ինչ է իր հետ կատարվել, չեմ պատկերացնում, որ նա կարող էր գնալ այդ քայլին: Աղջիկս այդ պահարանի հայլու հետ շատ կապված էր, իր նկարչությունը միշտ անում էր հայլու առաջ, ու այդ հայլու առաջ էլ գտել ենք իրան այդ վիճակում»:

Հարցին, թե Ժենյան անձնական կյանքում ինչ խնդիրներ է ունեցել. գուցե դա է պատճառը, տիկին Արփինեն ասաց, թե իր դուստրն ընկեր ուներ, լավ տղա էր, եւ չէր կարող կատարվածը կապվել ընկերոջ հետ:

Տիկին Արփինեի խոսքերով՝ դուստրը երազանքներ ուներ նկարչական արվեստում. «Ասում էր՝ մամ, ես շատ մեծ բարձրունքների եմ հասնելու ու քեզ համար ամեն ինչ անելու եմ, որ դու լավ լինես ու լավ ապրես»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ դուստրը վերջին անգամ հեռախոսով խոսել է  Ռուսաստանի Դաշնությունում գտնվող քրոջ հետ. «Նրա որպիսությունից է հարցրել, ու այդքան բան, ինչո՞ւ ախր, ինչո՞ւ: Չեմ կարողանում հասկանալ. ինչո՞ւ իրեն կախեց ու հենց իր սիրելի հայելու առաջ»:

Նշենք, որ Ժենյայի ինքնասպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասով` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը:

 

Ո՞ւր անհետացավ աղջիկը

Փետրվարի 17-ին՝ ժամը 08.00-ի սահմաններում էլ անհետացել է Գյումրի Կամոյի թաղամասի բնակիչ, 14-ամյա Քրիստինե Խաչատրյանը: Վերջինս սովորում է Գյումրի թիվ 7 դպրոցում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյանն ասաց, որ աղջկա մայրը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ հոր գտնվելու վայրը հայտնի չէ. «Աղջկա խնամքով զբաղվում է տատիկը: Քրիստինեն տան միակ երեխան է: Վերջին անգամ աղջկան տեսել են հինգշաբթի օրը: Նորմալ, հարվածային սովորող երեխա է»:

Ըստ դպրոցի տնօրենի՝ տեղեկությունները, թե նա ԷՄՈ շարժման հետ կապ ունի, իրականությանը չի համապատասխանում. «Չկա նման բան, նորմալ երեխա  է: Երկուշաբթի օրը դասի չի եկել, դասղեկին ասացի, որ գնա իրենց տուն, տեսնի, թե ինչու չի գալիս դասի, տատիկը դասղեկին ասել է, թե երեխան անհետացել է: Տատիկի խոսքով՝ ինքը երկուշաբթի օրն աղջկան ուղարկել է դասի ու այդպես էլ չգիտի, թե նա ուր է գնացել»:

Երեկ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը հաստատել էր տեղեկությունը՝ հայտնելով, որ աղջկա ձեռքին կա բջջային հեռախոս: Իսկ արդյո՞ք նա զանգեր ստանում է, թե՞ ոչ, դատախազը չի մանրամասնել: Չի հայտնել նաեւ՝ Քրիստինեի հեռախոսահամարից ելքային զանգեր եղե՞լ են, երբ եւ դեպի որ բաժանորդին: Նա ասել է, թե այս ամենը հրապարակման ենթակա չէ:

Ի դեպ, աղջկա անհետացման մասով նյութեր են նախապատրաստվում:

Հ.Գ. Երեկ՝ երեկոյան, հայտնի դարձավ, որ անհետացած 14-ամյա աղջկան ոստիկանները հայտնաբերել են Երեւանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Մինչ ուշ գիշեր նա ոստիկաններին պարզաբանումներ էր տալիս, թե այս ընթացքում որտեղ է եղել, ինչով է զբաղվել:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more