▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որո՞նք էին Րաֆֆի Հովհաննիսյանի տապալման պատճառները

Ինչպես և սպասելի էր, վերջին երկու օրերին մամուլը ակտիվորեն անդրադառնում է ապրիլի 9-ի իրադարձություններին և դրանից բխող հետևանքներին: Վերլուծելով մամուլում տեղ գտնող և հրապարակայնորեն հնչող հայտարարությունները՝ ակնհայտ է դառնում, որ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը առնվազն հասարակության կողմից չի ընկալվել: Հենց միայն այն հանգամանքը, որ ապրիլի 9-ի հանրահավաքի մասնակիցները, չենթարկվելով Ր. Հովհաննիսյանի առաջարկին՝ ապրիլի 12-ին հավաքվել Ազատության հրապարակում, պահանջեցին ժողովրդին առաջնորդել Բաղրամյան 26, ցույց է տալիս, որ մարդիկ հետընտրական փուլում Ր. Հովհաննիսյանի «ցույց տված ճանապարհը» այդպես էլ չընկալեցին: Իսկ Րաֆֆիի ծրագիրը (կամ դրա բացակայությունը) բավականին շատ հարցեր առաջացրեցին:
Ո՞րն էր պատճառը, որ Ազատության հրապարակ եկած մարդիկ չենթարկեցին Ր. Հովհաննիսյանի առաջարկներին ու առաջնորդվեցի «հիմա-հիմա» սկզբունքով:

Այս ամենը պայմանավորված էր մի քանի պատճառներով: Ր. Հովհաննիսյանի բնորոշմամբ՝ հաղթանակի հասնելու իր պատկերացումները էապես տարբերվում էին ոչ միայն իր համակիրների, այլև նույնիսկ իր մերձավոր թիմակիցների մոտեցումներից: Երկրորդ, Ր. Հովհաննիսյանի հանրահավաքի բանախոսները շատ ժամանակ հնչեցնում էին այնպիսի ելույթներ, որոնք տրամագծորեն հակասում էին Ր. Հովհաննիսյանի արտահայտած մոտեցումներին: Դա էր պատճառը, որ հանրահավաքի մասնակիցների մի մասը հրապարակ էր գալիս ոչ թե Րաֆֆուն լսելու, այլ իր լիդերի հետևից (Նիկոլ Փաշինյան, Արմեն Ռուստամյան, Անդրիաս Ղուկասյան): Երրորդ, Ր. Հովհաննիսյանի ու հանրահավաքի այլ բանախոսների հայտարարությունները՝ ապրիլի 9-ի հետ կապված, հասարակության մոտ կտրուկ սպասումներ են առաջ բերել, որոնց անտեսումն ինքնին ռիսկային իրավիճակ էր ստեղծելու հենց Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Այդ պահանջների չբավարարումը կտրուկ անկման էր տանելու Ր. Հովհաննիսյանի ղեկավարած շարժումը:

Ապրիլի 9-ին, «նոր Հայաստանի» երդումնակալությունից հետո, Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, որ վաղվանից հասարակությունը ականատես է լինելու նոր Հայաստանի վերածննդին, ինչն ակնհայտորեն չէր բավարարում հրապարակ եկած ժողովորդին:
Մարդկանց ակնկալիքներն առավել առարկայական էին, հասարակությանը միայն իրական փոփոխություններն էին հետաքրքրում, իսկ տեղծված իրավիճակի միակ ելքը նրանք տեսան Բաղրամյան 26 գնալու ու «հաղթանակը» առարկայացնելու մեջ:
Հասարակության և Ր. Հովհաննիսյանի տարաձայնություններն ընդգծվեցին հատկապես այն հայտարարությունից, երբ Րաֆֆին հանրահավաքի մասնակիցներին իրազեկեց առաջիկա հանրահավաքի մասին և փորձեց հրաժեշտ տալ նրանց: Հաշվի առնելով վերևում նշված պատճառներն ու հանրահավաքի մասնակիցների սպասումները, ժողովուրդը պահանջեց առարկայացնել հաղթանակը: Արդյունքում՝ Ր. Հովհաննիսյանը, գիտակցելով, որ կարող է վերջնականապես փոշիացնել իր ընտրազանգվածը, մեծ ճնշման տակ, ստիպված եղավ ստանձնել դեպի Բաղրամյան կայանալիք երթի առաջնորդի դերը: Սակայն, դեպի Բաղրամյան կայացած երթն ու այնտեղ տեղի ունեցող զարգացումները, մեծ առումով, դուրս էին վերահսկողությունից, մանավանդ, Ր. Հովհաննիսյանի՝ ոստիկանապետի հետ Ծիծեռնակաբերդ գնալուց հետո:
Ապրիլի 9-ը ցույց տվեց, որ հասարակության բողոքավոր զանգվածի ու որոշ շահագրգիռ ուժերի համար Ր. Հովհաննիսյանը գործիչ էր, ով կարող էր լեգիտիմացնել իրենց գործողությունները, բայց ոչ երբեք լուծել իրենց խնդիրը, քանի որ ինչպես արդեն նշել էի, Րաֆֆու և հանրահավաքի մասնակիցների մոտեցումներն ու ակնկալիքները, ինչպես նաև, վերջնական նպատակին հասնելու վերաբերյալ պատկերացումներն էապես տարբերվում էին միմյանցից:

Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանի գրառումը

Ֆեյբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more