▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանության բարեփոխումը շարունակվելու է, անկախ նրանից՝ ձեր սրտով է, թե՝ ոչ

Վերջին շրջանում մայրաքաղաքում արձանագրված մի շարք միջադեպերի, մասնավորապես՝ Կոմիտասի պողոտայում տեղի ունեցածի վերլուծությունը բերում է դառը եզրակացության, որ որոշ «քաղաքացիական ակտիվիստների» գործողությունների հիմքում ոչ թե արդարության ձգտումը կամ հանրային մտահոգությունն է, այլ՝ կոնֆլիկտը ոստիկանության հետ, ավելի ստույգ՝ կոնֆլիկտ հրահրելը: 
Հանրահայտ քաղտեխնոլոգիա է. սոցիալական ցնցումներ առաջացնելու նպատակով խփում են առաջին գծում կանգնածին, իսկ դա ոստիկանությունն է: Բայց մեր պարագայում կա մի նրբություն. ոստիկանությունը տվյալ դեպքում ոչ միայն միջոց է, այլ կոնկրետ թիրախ ու՝ լո՛ւրջ թիրախ: 
Այն, որ ոստիկանությունը փոխվել է, տեսանելի է բոլորին. միայն կույրը կարող է չտեսնել: Բայց, պարզվում է, որ միտումնավոր կույրեր էլ կան, ուրացողներ, որոնք նույն հետևողականությամբ շատախոս ու զազրախոս են: Եվ սրանց խնդիրը հենց բարեփոխումները վարկաբեկելն է, բարեփոխման ընթացքը կանգնեցնելն է, հնի վերադարձն է: 
Գուցե տարօրինակ է հնչում՝ «առաջադեմ ակտիվիստներ» ու հինը վերադարձնելու ցանկությո՞ւն, բայց հենց այդպես էլ կա: 
Սրանց, մի մասին՝ հաստա՛տ, ձեռնտու չի նոր ոստիկանությունը. մի տեսակ շա՜տ է հանդուրժող, բարեկիրթ, օրենք մեջբերող ու օրինականություն պահող, իսկ այդպիսի ոստիկանության հետ առճակատվել չես կարող, պայքարդ այդպիսի ոստիկանության դեմ խեղկատակություն է: Եվ ամենասարսափելին՝ անհնար է դառնում «քաղհալածյալի» լուսապսակը: 
Հին ոստիկանության հետ հեշտ էր. հին ոստիկանությունը հեշտությամբ էր գնում սադրանքի, համարժեք պահվածքի, ուժի գործադրման, և խնդրեմ՝ պատրաստ է «քաղհալածյալի» կերպարը՝ տարատեսակ դեսպանատների դռներին: Հիշեք՝ վերջին տարիներին այդպիսի «հալածյալներից» քանի՜սն են հայտնվել երկրից դուրս ու «ոստիկանական բռնությունների» մասին ստախոսություն ցփնելով ՝ վայելում են իրենց երեսուն արծաթը: Այսօրվա քաղակտիվիստներից շատերն էլ, երբ մեր ոստիկանությունը համեմատում են եվրոպականի հետ, առաջնորդվում են ոչ թե տարբերությունների ճանապարհն արագ հաղթահարելու, այլ այդ հինը վերականգնելու և սադրանքի միջոցով շուտափույթ իրենց արծաթները վաստակելու մտահոգությամբ… 
Չի՛ լինելու: Այլևս երբե՛ք չի լինելու: Ոստիկանության այսօրվա ռազմավարությունը միայն այսօրվանը չէ: Վաղն էլ ու հետո էլ ոստիկանությունը լինելու է հանդուրժող, համագործակցող, գործելու է օրենքով վերապահված լիազորությունների սահմաններում՝ հիշելով նաև, որ այդ օրենքով ուժի կիրառում էլ է նախատեսված: 
Ոստիկանությունը լավ գիտի իր իրավունքներն ու պարտականությունները և եթե անցած երկու տարում ուժ չի կիրառել, չի նշանակում, թե չի կարող կամ չի կիրառելու: Արդարությունը պետք է ուժեղ լինի, և բոլոր նրանք, ովքեր օրինահարգությունը շփոթում են թուլության հետ, պետք է հիշեն, որ ուժն արդար է, երբ գործադրվում է ըստ օրենքի՝ հանրայի՛ն, մարդկայի՛ն, բարոյակա՛ն:
Ոստիկանությունը ծառայում է օրենքին ու ժողովրդին, անկախ նրանից՝ հավատում եք, թե՝ ոչ:
Ոստիկանության բարեփոխումը շարունակվելու է, անկախ նրանից՝ ձեր սրտով է, թե՝ ոչ:
Հնին այլևս վերադարձ չկա, և լինելո՛ւ է նոր ոստիկանություն, որն, ի հեճուկս բոլոր սադրանքների, իր գործունեության հիմքում դնելու է Օրենքը, Արդարությունը, Ուժը, բայց ամենից առաջ և ավելի՝ Խոսքը, որովհետև Խոսքն ամենասկզբում էր ու միշտ է:
Եվ չնայած նույնիսկ աղոթքը ծաղրողների բարոյական անկմանը, ոստիկանությունը հավատում է, որ դեռ ամեն ինչ կորած չէ, ու կրկին կոչում է ազնվության, խելամտության, սթափության: 
Բարեփոխվող ոստիկանությունն արդեն ինչ-որ չափով ազատվել է իր միջի օտարից, իր զոռբաներից, շանտաժ անողներից, հուդաներից: Դուք էլ ազատվեք, տղե՛րք, փոխվե՛ք, մաքրվե՛ք, սրբվե՛ք, ազնիվ եղեք նախ ինքներդ ձեզ ու նաև ձեր հետևորդների հետ: Սուտը, զազրախոսությունը, չարախնդությունը վտանգավոր է, ու վաղը ձե՛զ վրա է թափվելու ձեզ հավատացածների հուսախաբության տեսքով, ու նույնիսկ ոստիկանությունը չի կարողանա օգնել…

Արման Վ. Խաչատրյանի գրառումը

Ֆեյսբուք

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more