Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ու՞մ է «քարտեզով» պատասխանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը` Բաքվին, թե՞ Երևանին
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Х-ի իր միկրոբլոգում տեղադրել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը և գրել. «Միակն ու անկրկնելին»...
Հետաքրքիր է, որ շատերն այն մեկնաբանում են այն տեսանկյունից, որ սա Ֆրանսիայի դեսպանի պատասխանն է Բաքվի հնարած Արևմտյան Ադրբեջանին, որն, ըստ Ալիևի, իր մեջ է ընդգրկում ներկայիս ողջ Հայաստանը...
Իրականում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն իր այս գրառումով, նախ` ապացուցեց, որ ինքը ավելի լավ հայ է, քան թուրքի դեմ ծնկած վախկոտ Նիկոլն ու իր քայլիստ դավաճանները, որոնք ծպտուն չեն հանում Բաքվից հնչող հակահայ զառանցանքներին և երկրորդը` այս քարտեզի տեղադրումով, ենթադրում եմ, Դըկոտինյին նաև պատասխանեց Նիկոլի երեկվա անասունությանը, ով Հ1֊ով Արևմտյան Հայաստանի և Ալիևի հնարած Արևմտյան Ադրբեջանի միջև համեմատություն տարավ և ադրբեջանամետ զառանցանքներ արտաբերեց... Դըկոտինյին, փաստորեն, իր գրառումով Նիկոլին հասկացնում է, որ իրական Արևմտյան Ատրպատական֊Ադրբեջանը Իրանում է և իր համեմատությունները տգտիտության հերթական դրսևորումն է...»։
***
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում, որտեղ պատկերել է Իրանի՝ Արևմտյան Ադրբեջան նահանգը, պատկերն ուղեկցելով՝ «միակը, և՝ միայն» գրառումով: Այսինքն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը իր գրառումով խիստ թափանցիկ ակնարկով խոսում է այն մասին, որ Արևմտյան Ադրբեջանը դա Իրանի 31 նահանգներից մեկն է, և դա միակ Արևմտյան Ադրբեջանն է, չկա այլ:
Օլիվիե Դըկոտինյիի այդ գրառման հասցեատեր անշուշտ դիտարկվում է Ադրբեջանը՝ «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ իր պաշտոնական զեղումներով:
Սակայն, կարո՞ղ ենք արդյոք նշմարել դեսպանի գրառման հնարավոր այլ տողատակ, մասնավորապես այն, որ այդ գրառման մյուս հասցեատերը, և գուցե այս պահին, այս ժամանակահատվածում հիմնական հասցեատերը Հայաստանի վարչապետն է՝ Նիկոլ Փաշինյանը, նոյեմբերի 22-ի իր հարցազրույցում Արևմտյան Հայաստան և «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունների նույնացման իր հայտարարությամբ:
Համենայն դեպս, Բաքուն «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսում է պարբերաբար, շատ երկար ժամանակ, իսկ Ֆրանսիայի դեսանի իր գրառումով այդ հարցին անդրադառնում է հենց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից երկու օր անց: Այդ հայտարարության խնդրահարույց և վտանգավոր լինելուն արդեն անդրադարձել եմ, փորձելով դիտարկել շերտերը:
Հակված եմ մտածել, որ պաշտոնական Երևանի այդպիսի դիրքորոշումներում վտանգ տեսնում է նաև Ֆրանսիան, բնականաբար ելնելով իր շահերից ու հետաքրքրություններից: Բայց, «Արևմտյան Ադրբեջան» զեղումի քաղաքական լեգիտիմացումը, որ կամա, թե ակամա իրականացնում է Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով, իր համար խնդրահարույց դիտարկում է նաեւ Ֆրանսիան, քանի որ Հայաստանի հանդեպ Ադրբեջանի որևէ հավակնության լեգիտիմացումը ըստ էության նաեւ լեգիտիմացնում է այն հակաֆրանսիական դիրքավորումը, որ որդեգել է Ադրբեջանը»:
***
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Ֆրանսիայի դեապանի գրառումը նախևառաջ ապտակ էր Փաշինյանին։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գրառումն Իրանի նահանգներից մեկի՝ «միակ Արևմտյան Ադրբեջան»-ի մասին մեծ արձագանք ստացավ։
Շատերը դա դիտարկեցին խոսք ուղղված Ադրբեջանին։
Բայց՝ ոչ…
Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 22-ի հարցազրույցում Արևմտյան Հայաստան և «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունների նույնացման մասին անհեթեթ հայտարարությունը՝ կարելի ենթադրել, որ այդ գրառման հասցեատերը հենց Փաշինյանն է։
Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը։
Դա անում է իր դեսպանի միջոցով։
Հիշեցնեմ, որ ուղիղ 4 տարի առաջ Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչեց Արցախի անկախությունը։
Փաշինյանը ողջունեց այդ որոշումը, սակայն հանձնեց Արցախն Ադրբեջանին։
Հիմա էլ ուրանում է Արևմտյան Հայաստանը…
Ուրացել է նաև Անկախության հռչակագիրը»։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ադրբեջան նահանգը, որը գտնվում է Իրանի տարածքում:
Հրապարակած նկարին կից նա գրել է. «Միակն ու անկրկնելին»։