Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ այսօր ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատների հետ:
Հանդիպման ընթացքում հարազատներին տեղեկացրել են, որ Հակոբը տեղափոխվելու է երրորդ երկիր, ապա նամակներ են փոխանակել:
Թեմայի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ, ով երկար տարիներ զբաղվում է գերեվարվածների խնդիրներով:
Խոսելով երրորդ երկիր տեղափոխվելուց հետո Հակոբին Հայաստան վերադարձնելու հնարավորության մասին` Լարիս Ալավերդյանը մասնավորապես ասաց.
«Ընդհանուր առմամբ, այդ արդյունքը չկա: Միջազգային պրակտիկան և մերը ցույց չեն տվել ակնհայտ այդպիսի օրինակներ: Մենք չենք ֆիքսել որևէ դեպք, երբ գնացողը վերադարձել է, սակայն որևէ արգելք ևս չկա: Պետությունը, որն ընդունում է, նրան տալիս է որևէ կարգավիճակ, որն այդ երկրում նրա գտնվելը դարձնում է լեգալ: Դրանից հետո նա ազատ է, կամքն իրենն է, սակայն գոյություն ունեն հոգեբանական և այլ խնդիրներ»:
Ի պատասխան հարցին, թե անձամբ ինքը հակվա՞ծ է հավատալու, որ Հակոբը ոչ թե ցականում է հայրենիք վերադառնալ, այլ երրորդ երկիր, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Ոչ թե հակված չեմ, այլ ունեմ հիմնավոր կասկածներ: Եվ ոչ միայն ես: Եթե համադրում ես այն երկու հարցազրույցները, որոնք, ի դեպ, երկուսն էլ Ժնևյան կոնվենցիաների կոպիտ խախտումով էին, տեսնում ես, որ առաջին անգամ, երբ ավելի «սպասելի էր», թե նա կասի, որ փախել է և ցանկանում է վերադառնալ երրորդ երկիր, դա տեղի չի ունենում: Այդ մասին Հակոբը խոսեց 10 օր իր հետ «աշխատելուց» հետո միայն: Այսինքն՝ ունեմ հիմնավոր կասկածներ, որ տեղափոխումն իր ցանկությամբ չէ»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել էր հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում և գերեվարվել:
Հիշեցնենք նաև, որ թե ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, թե ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը բազմիցս հավաստիացրել են, որ եթե Հակոբը վերադառնա Հայաստան, նրան քրեական հետապնդում չի սպասվում:
Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան