Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՄԱԿ ԱԽ նիստն էլ անցավ։ Շատ նոր բաներ չկային։ Այնուամենայնիվ, չենք կարող չնշել ՉԺՀ, Հնդկաստանի, Ֆրանսիայի և Ալբանիայի ներկայացուցիչների շատ պոզիտիվ ելույթները։ Շնորհակալություն այդ երկրներում մեր դեսպաններին։ Մյուս բանախոսները հիմնականում 2 կողմերին զսպվածության կոչ էին անում։ ՌԴ-ն և ԱՄՆ-ն նույնպես։ Գուցե այդպես է պետք, որովհետև միջնորդին բնորոշ վարքագի՞ծ է։ Այսօր, դատելով Հռոմի պապի ասածից, Վ. Պուտինի և պետդեպ-ի հայտարարություններից՝ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն են հաջողացրել հրադադարը։ Ադրբեջանը ստիպված էր ուժերը ետ քաշել։ Կարծում եմ, որ ավելի պակաս էական չի եղել հայ զինվորի և շտապ կազմակերպված աշխարհազորի անձնուրաց կռիվը։ Խաղաղությունը երկա՞ր կտևի։
Այս հարցին պատասխանելու համար կա 2 հանգամանք։ Ի՞նչ կանի ՀԱՊԿ-ը։ Ի դեպ, նորից վկայակոչեցին սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցը։ Իհարկե, ՀՀ ԱԳՆ-ն այդպես էլ չհամարձակվեց հայտարարել, որ դելիմիտացիայի ու դեմարկացիայի բացակայությունը չի նշանակում, որ սահման չկա։ Սահման ու սահմանագիծ հո կա։ Այլապես 1992-ին ի՞նչ սահմաններով եք Հայաստանն ընդունել։ Ուրեմն պիտի կարողանանք ՀՀ համար արդյունավետ անվտանգության համակարգ ունենալ։
Ավելի ծանր է 2-րդ հանգամանքը։ Ուշադիր հետևեք հատկապես Էրդողանի ու Չավուշօղլուի խոսքերին։ Ասում են. խաղաղ դարաշրջան թևակոխելու համար Հայաստանը պետք է հարգի պայմանավորվածությունները։ Ի՞նչ են դրանք, ո՞րտեղ են գրված։ Ըստ իս՝ խոսքը Ադրբեջան- Նախիջևան միջանցքի մասին է։ Ուրեմն խոստո՞ւմ է եղել։ Իսկ գուցե ստորագրված թո՞ւղթ էլ կա։ Ուշադրություն դարձրեք. ՆՓ-ը միայն վերջերս հայտարարեց, որ միջանցքի փաստաթուղթ չի ստորագրելու։ Բա ի՞նչի ինքը կամ ԱԳՆ-ն չեն ասում, թե այդ ի՞նչ պայմանավորվածությունների մասին եք խոսում։ Եթե, հուսով եմ, ստորագրված թուղթ չկա, ապա մնում է բանավոր խոստումը։ Ու վարչապետը պիտի պատասխանի. նման բան կա՞, թե՝ ոչ։ Այդ դեպքում, ՆՓ-ի հրաժարականը լուծում է խնդիրը. ստորագրված թուղթ չկա, ուրեմն պարտավորություն էլ չկա։ Այլապես, մեր հույսը մնում է Իրանը, որը հետևողականորեն դեմ է հանդես գալիս միջանցքին։ Գուցե նաև ՌԴ-ը՞։ 2 անգամ Օվերչուկը և 1 անգամ Լավրովը հայտարարել են, որ ՀՀ ինքիշխանությունը չի կարող խախտվել։ Լավ, այդ դեպքում թուրքերն ի՞նչու են անընդհատ միջանցքից խոսում»։