Գորիսի վետերանների Խորհրդի նախագահ Ռոբերտ Հակոբյանը խնդրագիր-կոչով դիմել է ՀՀ նախագահին, Ազգային ժողովի նախագահ, ԱԺ խմբակցությունների նախագահներին և ՀՀ Ոստիկանապետին:
Այն ներկայացնում ենք ստորև.
Մեծարգո նախագահ
Հարգելի ՀՀ ԱԺ նախագահ
Հարգելի ԱԺ խմբակցությունների նախագահներ
Հարգելի Ոստիկանապետ
«2014 թվականի փետրվարի 3-ին Կենտրոն Հեռուստաընկերության ՈՒրվագիծ հաղորդաշարին` անցած տարվա հունիսի 1-ին Գորիս քաղաքում տեղի ունեցած ոճրագործության դեպքի կապակցությամբ Բուդաղյանների շահերի պաշտպան փաստաբան Հ. Ալումյանի կողմից ևս մեկ անգամ տրված մանրամասն և հիմնավորված մեկնաբանությունները,մինչ այդ` անցած ամիսների ընթացքում բազմաթիվ հասարակական և քաղաքական կազմակերպությունների,ՄԻՊ-ի, տարբեր անհատների և գործիչների կողմից արված հայտարարությունները, միջազգային հանրության հետաքրքրվածությունը և անհանգստությունը հասարակության և Բուդաղյանների հարազատների շրջանում հիմնավորեց այն համոզմունքը և միակ տեսակետը, որ ՀՀ ՊՆ քննչական մարմինը և նրան հսկող ՀՀ Զինվորական դատախազությունը իրավական,քաղաքական և բարոյական առումներով թույլ են տվել կոպտագույն սխալներ, ծանր ապտակ հասցնելով մեր հասարակությանը:
Այդ մարմինների կողմից կայացված որոշումները լրջորեն վարկաբեկել են պետությանը, նրա իրավունքին և օրենքներին:
ՈՒշ չէ, որպեսզի Ձեր բոլորի ջանքերով ուղղվի թույլ տրված սխալը :
Գորիսի հասարակությունը, ՀՀ քաղաքացիները ցանկանում են հավատալ, որ Դուք Ձեր օրինական միջամտությունը կունենաք բազմակողմանի, օբյեկտիվ և ամբողջական քննության ապահովմամբ արդարությունը վերականգնելու համար (վերջ կդրվի նաև Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող Բուդաղյանների փաստաբան Հ. Ալումյանի բողոքի քննության անհարկի և կանխամտածված ձգձգումներին):
Պարոն Ոստիկանապետ.
Առաջիկայում Սյունիքի մարզ Ձեր հնարավոր այցի ընթացքում խնդրում եմ ընդունեք ինձ կարճ զրույցի, հունիսմեկյան ողբերգության դեպքի հետ կապված որոշ մտահոգիչ մանրամասներ Ձեզ զեկուցելու համար»: