▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշագրավ պատկեր. քաղաքացիների ո՞ր մասն է վճարել դիմակ չկրելու համար տուգանքները

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո մինչեւ օգոստոսի 27-ը դիմակ չկրելու համար կազմվել է վարչական տույժ նշանակելու մասին թվով 99.574 որոշումներ: Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ ոստիկանությունից:

Մենք խնդրել էինք տրամադրել տեղեկություն, թե դիմակներ կրելու պարտադիր պահանջից հետո քանի անձ է տուգանվել, եւ քանիսն են վճարել այդ տուգանքը։ Ոստիկանության ներկայացված պատասխանում ասվում է. «ՀՀ կառավարության մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ընթացքում ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 182.3 հոդվածի 1.1 մասով (Դիմակ չկրելու համար) կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին թվով 99.574 որոշում: ՀՀ պետական բյուջե, որպես տուգանք, վճարվել է 12.100.000 դրամ»:

Իսկ հիմա մի փոքր հաշվարկ կատարենք. դիմակ չկրելու համար տուգանքը կազմում է 10 հազար դրամ, այսինքն՝ ստացվում է՝ իրենց տուգանքները վճարել է 1210 քաղաքացի, այնինչ կայացվել է 99.574 որոշում, եւ դեռ 98 364 քաղաքացի քաղաքացի պարտավոր է վճարել 10 հազար դրամ տուգանք: Ու եթե բոլորը վճարած լինեին իրենց տուգանքները, այդ գումարը կկազմեր 995 740 000 դրամ:

Նշենք, որ օգոստոսի 19-ին հրապարակված տվյալների համաձայն՝ կայացվել էր 66.530 վարչական տույժ նշանակելու մասին որոշում, ստացվում է՝ մոտ տասը օրվա ընթացքում վարչական տույժերի թիվը շեշտակի աճել է: Ու թեեւ վարչական տույժերի թիվն ավելանում է, սակայն, միեւնույնն է, քաղաքացիները չեն շտապում եւ չեն ցանկանում վճարել տուգանքները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more