▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր օգտվեցին «թաղի տղերքի» նոր կարգավիճակից

Երևանի ավագանու ընտրությունները ընդհանուր գծերով անցան այնպես, ինչպես փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրությունները: Այս ընտրություններն առանձնահատուկ էին նրանով, որ ՀԱԿ-ի, ԲՀԿ, ՀՅԴ-ի ընտրազանգվածն առաջին հերթին, իր ընտրությամբ, հստակ վերաբերմունք էր արտահայտելու փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրություններին այս ուժերի չմասնակցության որոշման առնչությամբ:
Ժամանակին այս թեմայով մամուլում բավականին ծավալուն անդրադարձեր եղան, սակայն և՛ այդ վերլուծությունների, և՛ վերոնշյալ ուժերի փաստարկների գնահատողը շարքային քաղաքացին է, և մայիսի 5-ին այդ քաղաքացին ընտրատեղամաս գնաց ու ընտրություն կատարեց` հաշվի առնելով նաև այս գործոնը:
Այս ընտրություններն աչքի ընկան բավականին պասիվ նախընտրական քարոզարշավով: Քաղաքական ուժերը, հիմնականում, ակտիվ պայքարի մեջ մտան արշավի վերջին փուլում: Ավելին, կային ուժեր, որոնք քարոզարշավի մեկնարկում ոչ միայն «անգործություն» էին դրսևորում, այլև առհասարակ, իրենց նախընտրական ծրագրերը հրապարակեցին քարոզարշավի մեկնարկից միայն օրեր անց:
Մեզանում ընդունված է ասել, որ նախընտրական քարոզարշավների ժամանակ հասարակությունը հակված չէ իր ընտրությունը պայմանավորել կուսակցությունների նախընտրական ծրագրերով և գաղափարներով: Սակայն ակնհայտ է, որ սա ոչ միան ցույց է տալիս, որ քաղաքական ուժերն այս ընտրություններին գնացին՝ հաշվի առնելով այս առանձնահատկությունը, այլև այն, որ նրանք ուղղակի չէին հավատում իրենց հաջողությանը, ու որոշ դեպքերում` պայքարը որոշակի առումով իմիտացիոն բնույթ էր կրում:
Մի քանի բառ «թաղի տղերքի» ու նրանց նոր ֆունկցիաների մասին. Հայաստանում ընդունված է, որ ընտրությունների ժամանակ որոշակի դերակատարություն են ստանձնում նաև «թաղի տղերքը» կամ այնպես ասած, թաղում ճանաչված դեմքերը: Այս ընտրություններն առանձնացան նրանով, որ եթե նախորդ դեպքերում «թաղի տղերքն» իրենց ֆունկցիաները կատարում էին ընտրատեղամասից դուրս՝ համոզելով թաղեցիներին, ապա այս դեպքում, որոշ ոչ իշխանական ուժեր, տարիներ ի վեր կատաղի քննադատելով «թաղի տղերքի ինստիտուտը», նրանց ստատուսը կտրուկ բարձրացրեցին: Այդ ուժերը, նախընտրական քարոզարշավի նորարարությունների բացը փորձեցին լրացնել քվեարկության օրը՝ «թաղի տղերքին» շնորհելով նոր կարգավիճակ: Մեծ թվով ընտրատեղամասերում կարելի էր հանդիպել լրագրողի բեյջով զինված ու ընտրատեղամասում իր ներկայությունն օրենքով ապահոված «թաղի տղերքի», ովքեր հատուկ քվեարկության օրվա համար «լրագրողի պաշտոն» էին ստացել:

Ոչ իշխանական ուժերը մեծ առումով ձախողվեցին, քանզի դեռևս չեն կարողանում հասարակությանը համոզել, որ իրենք ձգտում են իշխանության ոչ թե իշխանական կարկանդակից օգտվելու, այլ համակարգային փոփոխությունների գնալու համար:

Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանի գրառումը

ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more