Որտեղ գոյություն ունի ազատություն, գոյություն ունի նաև պատասխանատվություն սեփական որոշումների համար: Ժուռնալիստի դեպքում դա նշանակում է պատասխանատվություն.
-հասարակության առջև ամբողջությամբ վերցրած.
-լսարանի առջև.
-ժուռնալիստների այն խմբակցության առջև, որը նա ներկայացնում է.
-ԶԼՄ-ի առջև, որի անունից դիմում է լսարանին.
-ինքն իր առջև:
Տեսության մեջ առարկայական սահմանում կա: «Տեղեկատվություն արտադրելու առումով ժուռնալիստի ելակետային տվյալներն են յուրաքանչյուր հաղորդագրության վավերականությունը, ներկայացվող փաստերի ամբողջականությունը և հեղինակի դիրքորոշման անկողմնակալությունը»:
Այո, վավերականությունն առանձնակի կարևոր է: Փաստի կամ կարծիքի արժանահավատությունը պայմանավորված է տեղեկատվության աղբյուրի նկատմամբ ունեցած վստահությամբ, լսարանն ուզում է իմանալ` որտեղից է ստացվել ինֆորմացիան և ում է պատկանում շարադրվող դատողությունը:
Եթե, օրինակ, դեպքի վայրում բացակայում է սեփական թղթակիցը կամ նա չունի ստուգված տվյալներ, անհրաժեշտ է, համաշխարհային ԶԼՄ պրակտիկային համապատասխան, դրանց հավաստիացումը առնվազն երկու աղբյուրից: Նորությունների պարագայում անպայման է հաղորդագրության աղբյուրի վկայակոչումը:
Նորությունների ժուռնալիստը թերևս պետք է օգտագործի միայն այն տվյալները, որոնց իսկությունը անհրաժեշտության դեպքում նա կարող է ապացուցել, և ձգտի նյութի այնպիսի շարադրման, որ նույնիսկ եթե մեղադրվի ապատեղեկատվության մեջ, կարողանա դատական կարգով հաստատել իր իրավացիությունը:
Ժուռնալիստիկայի հանրաճանաչ առանձնահատկությունը` «նորությունների անձնավորումը», չի նշանակում, ինչպես շատերն են կարծում, ծրագրավարի սուբյեկտիվ արտահայտությունների ազատություն: Փաստերի հստակ սահմանազատումը կարծիքներից նորություններ արտադրելիս ժուռնալիստական անխուսափելի սկզբունքը պետք է լինի:
Հ.Գ. Գուցե առավել արդյունավետ է թույլ տալ ժուռնալիստիկան՝ ազատ «շնչի», մեր իրականության մեջ կայանա որպես մասնագիտություն, այլ ոչ որպես գործիք, էթիկական սկզբունքայնությունը դառնա չափորոշիչ, այլ ոչ օրենքների անհամաչափ կամ անտեղի կիրառումը (նոր` «ընկճող ու սաստող» օրենքների ընդունումը) մեր մասնագիտության նկատմամբ: Ի վերջո, մի օր պիտի հասկանա՞նք, որ ոչ միայն մեր` ժուռնալիստիկայի, այլև մյուս բոլոր մասնագիտությունների պարագայում էլ ամենաարդյունավետ կարգավորիչը, բոլոր տեսակի օրենքներից առաջ, Ամենայն գերազանցություն պրոֆեսիոնալիզմն է: Իսկ արդեն անկարգությունը, օրենքի սահմանազանցումն այլ օպերայից է և դատարանի գործն է: Բարեբախտաբար, ունենք դատարան, որն աշխատում է: