▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել

Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր Վատիկան այցի ընթացքում իրենց կենցության ծախսերի մասին աղմուկ է բարձրացել և իրենք Վատիկանում կեցության համար պետբյուջեից ծախսել են 787,000 դրամ։

Պանորամա․am-ն է գրում ու մանրամասնում․ «Այս մի գրառման մեջ Փաշինյանը մի շարք մանիպուլյացիաներ է արել՝ հիմնավորելով, որ նպատակաուղղված կերպով շուրջ մեկ ամիս է՝ թաքցնում են, թե որքան գումար է ծախսվել պետբյուջեից և «Իմ քայլը» հիմնադրամից» Աննա Հակոբյանի՝ Իտալիա կատարած այցի համար։

Նիկոլ Փաշինյանը նախ խոսում է միայն Վատիկանում և միայն կեցության վրա ծախսված գումարի մասին։ Պարզել ենք, որ Փաշինյանները բնակվել են Հռոմի ամենաթանկարժեք, 5 աստղանի հյուրանոցներից մեկում՝ Hotel de Russie-ում, որտեղ ընդամենը մեկ գիշերվա համար են վճարել Նիկոլ Փաշինյանի մատնանշած 787,000 դրամ։

Թողնում ենք Hotel de Russie Luxury 5 Star  հյուրանոցի հղումը, որի միջոցով ընթերցողը կարող է գտնել և Փաշինյանի տեսանկարահանած սենյակը, և արժեքը, որը սկսվում է 1500 եվրոյից։

Իսկ իրականությունն այն է, որ շուրջ մեկ ամիս  Հայաստանի կառավարությունը հրաժարվում է տրամադրել, թե որքան գումար է ծախսվել պեբյուջեից Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի Իտալիա այցի համար, որտեղ նա գտնվել է Ուկրաինայի նախագահի տիկնոջ հրավերով և մասնակցել է Ուկրաինայի պատերազմի հազար օրվան նվիրված միջոցառումներին։

Հայաստանի կառավարությունից մեր կայքին նախ ուղղորդեցին «Իմ քայլը» հիմանդրամ, այնուհետ նշված հիմնադրամից ստացանք գռեհիկ պատասխան, որում հորդորում էին լրագրողին մասնակցել Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է արշավին»՝  դասեր տալով լրատվամիջոցի ներկայացուցչին ու խոչընդոտելով տեղեկատվություն ստանալու իրավունքը։

Մի կողմ թողնենք հարցի բարոյական կողմը, որ  պատերազմի ու տեղահանութան հետևանքով անտուն մնացած արցախցի երեխաներին գեթ մեկ անգամ չայցելած Աննա Հակոբյանը մեծ հոգատարությամբ այցելել էր Հռոմ՝ տեսակցելու ուկրաինացի երեխաներին, բայց հայ հասարակությունն իրավունք ունի իմանալ, թե որքան գումար է ծախսվել իր հարկերից այդ այցի համար։

Այնպես որ՝ սպասում ենք կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանն ուղղված երկրորդ գրավոր  հարցման պաշտոնական պատասխանին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more