▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաստաբանների պալատի նախագահի արձագանքը օմբուդսմենի արտահերթ զեկույցին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ» արտահերթ զեկույցը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի։


Առաջին մասը նվիրվել է դատական համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմներին և կաշառքի սակագներին։ Այս հատվածը իրավական տեսանկյունից հիմնավորված չէ, քանի որ հրապարակման մեջ խոսքը գնում է քրեականացված արարքների մասին, ինչպիսիք են կաշառք տալը, կաշառք ստանալը և կաշառքի միջնորդությունը՝ առանց կոնկրետ փաստերի և կոնկրետ սուբյեկտների վկայակոչման։ Մինչդեռ անանուն աղբյուրներից ստացված հանցավոր արարքների մասին այսպիսի տեղեկություններ հրապարակելը պաշտոնատար անձի կողմից ոչ միայն արդյունավետ չէ, այլ նաև հասարակության մոտ խորացնում է հիասթափությունը արդարադատության համակարգի նկատմամբ։
Երկրորդ մասը նվիրվել է արդարադատության խորհրդի և վճռաբեկ դատարանի կողմից թույլ տրված խախտումներին և երկակի ստանդարտներին։ Այստեղ իրավական տեսանկյունից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է կոնկրետ փաստեր և կոնկրետ վերլուծություն, որը պետք է համապատասխան ազդանշան հանդիսանա Հայաստանի Հանրապետության իշխանության երեք ճյուղերի համար։ Հատկանշական է, որ այս էական մասը հանրային լայն քննարկման առարկա չի դարձվում։
Ինչ վերաբերում է զեկույցում կոռուպցիայի մասով որպես անանուն աղբյուր հիշատակված փաստաբաններին, որոնք անուղղակիորեն հասարակության կողմից կարող են ընկալվել, որպես միջնորդներ, ապա տեղեկացնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատը պայքար է հայտարարել միջնորդ փաստաբանների դեմ և շնորհակալ կլինի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից կամ որևէ այլ անհատից, եթե օգնեն բացահայտել և փաստաբանական համայնքի շարքերից հեռացնել այդպիսի փաստաբաններին։

ՀՀ փաստաբանների պալատի
նախագահ՝ Արա Զոհրաբյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more