▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաստաթուղթը չի ունենա այն նշանակությունը, որը կունենար սեպտեմբերին.Քաղաքագետը` Ասոցացման համաձայնագրի մասին

Հայաստանում Գերմանիայի դեսպանը հանդես գալով հայտարարությամբ` ասել է, որ Հայաստանը դեռևս կարող է Եվրամիության հետ ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը` նույնիսկ Մաքսային միություն մուտք գործելուց հետո: Ըստ դեսպանի` Հայաստանի և Եվրամիության միջև փաստաթուղթը հավանաբար այլ անուն կունենա, քանի որ Ասոցացման համաձայնագիրը գործակցության այլ շրջանակի է վերաբերում:

«Երկու երկրների համար քաղաքական ու տնտեսական մասերն առանձին են, ուստի շատ կցանկանայինք վերականգնել Հայաստանի հետ բանակցությունները: Նոր փաստաթուղթ ստորագրելը մեր ցանկությունն է գերմանական կողմից եւ կարծում եմ նաև եվրոպական կողմից»,-ասել էր Ռայներ Մորելը:

«Քաղաքական իրավիճակը հետխորհրդային տարածքում լուրջ փոփոխություններ է կրել: Ուկրաինայի դեպքերը, Հայաստանի` Մաքսային միությանն  անդամակցելու այս  գործընթացը ստիպում է եվրոպացիներին` պարզապես շտապել, որովհետև հակառակ դեպքում նրանք քաղաքական լուրջ լծակներ կկորցնեն»,-խոսելով դեսպանի հայտարարության մասին` ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Հարցին` ասել է, թե  ԵՄ-ն ցանկանում է Հայաստանի հետ համագործակցության  ճանապարհներ գտնել`  քաղաքագետը պատասխանեց.

«Նրանք ուզում  են, բայց բավականին շատ ժամանակ արդեն կորցրել են: Երբ  որ սեպտեմբերին հայկական կողմն առաջարկում էր, իրենք պարզապես չէին հասկանում, թե ինչ լուրջ խնդիրների առջև է կանգնելու Արևելյան գործընկերությունը»:

Քաղաքագետի խոսքով` նույնիսկ, եթե փաստաթուղթը  ստորագրվի, չի ունենա այն նշանակությունը, որը կարող էր ունենալ սեպտեմբերին:

Ինչ վերաբերում է հայկական կողմի` այդ առաջարկը ընդունելուն,  քաղաքագետը չբացառեց` ասելով, որ հնարավոր է, չնայած, իրականում  փաստաթղթի քաղաքական նշանակությունը նվազել է` ի տարբերություն  սկզբնական շրջանի:

Նշենք, որ ավելի վաղ Հայաստանն առաջարկել էր ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, սակայն Բրյուսելից մերժել էին` պատճառաբանելով, որ այն ամբողջական փաստաթուղթ է և չի կարելի մասերի բաժանել:                              

                                                                                  Անի Կարապետյան

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more