▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաստեր, որոնք ապացուցում են, որ Հակոբի «խոստովանությունը» պարտադրված էր

Արդեն 19-րդ օրն է, որ հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը գտնվում է գերության մեջ: Վերջին օրերի ընթացքում ամենաակտիվ քննարկումների, մեկնաբանությունների, հաճախ էլ անհարկի շահարկումների կիզակետում Հակոբն է` հատկապես զինվորի երկրորդ «հարցազրույցից» հետո: Ադրբեջանական քարոզչամեքենան արդեն որերորդ անգամ գործեց հին ձեռագրով` անտեսելով բարոյական բոլոր արժեքները, խախտելով Ժնևյան կոնվենցիայի դրությները: Ու արդեն որերորդ անգամ հասարակության մի հատված միամտորեն ընկավ ծուղակը` քննադատելով, ընդհուպ մինչև ազգի դավաճան որակելով  սեփական զինվորին:  Շատերի համար ադրբեջանական վայրահաչոցն  ընդունեց որպես ճշմարտություն: Ադրբեջանը հնարավոր ու անհնարին բոլոր միջոցներով օգտագործեց մեր զինվորին` մի քանի նպատակներով.  նախընտրական շրջանով պայմանավորված` մեսիջ ուղարկեց սեփական  ներքին լսարանին, և փորձեց մեր մեջ ատելություն սերմանել զինվորի նկատմամբ:

 «Հարցազրույցին» անդրադառնալն ու մեկնաբանելն ավելորդ ենք համարում. Մի քանի նկատառում միայն.

«Հարցազրույցի»  ամբողջ ընթացքում շեշտվում էր ղարաբաղցի-հայ տարբերակումը,

Ստեփանակերտի փոխարեն` Խանքենդի,

զրուցավարը,  չգիտես ինչպես իմանալով Հակոբի ասելիքը, հուշում էր նրան...

Շարքն անվերջ կարելի է շարունակել…

 Համոզված լինելով, որ «հարցազրույցը» պարտադրված էր, այնուամենայնիվ ASEKOSE.am-ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցել է Հակոբի հորեղբորորդու` Արման ինջիղուլյանի հետ, ով մեզ որոշ մանրամասներ հաղորդեց:

«Մենք բոլորս համոզված ենք, որ ամեն ինչ ստիպողաբար է եղել: Հակոբի ծնողները, հարազատները, նրան ճանաչողները գիտեն, որ հայրենասեր է, ու նման բաներ պարզապես չէր կարող ասել սեփական կամքով:Մենք իրեն ճանաչելով շատ պարզ տեսնում ենք, որ ստիպել են տեքստը անգիր անել: Հստակ երևում է, որ ասել են` կժպտաս: Պահեր կան, որ մոռանում է տեքստը, ու հուշում են»,- մեզ հետ զրույցում ասաց Արմանը` հավելելով.

«Ախր Հակոբն ինչ պիտի  իմանար սոցիալ-քաղաքական վիճակի մասին, որ խոսեր»:

Անդրադառնալով այն հատվածին, որտեղ Հակոբն «ասում է», թե իբր քթի միջնապատի  երկրորդ աստիճանի կոտրվածք ունի, Արմանն այսպես մեկնաբանեց.

«Միգուցե մի փոքր դժվար է շնչում, բայց նման բան չկա, կոտրվածք չունի»:

Արմանի խոսքով` իրականությանը չեն համապատասխանում նաև բանակից ազատվելու կամ  մոտիկ տեղ ծառայելու համար գումար տալու մասին Հակոբի ասածները:

«Նման բան երբեք չի եղել, նման խոսակցություն անգամ չի եղել, Հակոբը միշտ տրամադրված է եղել ծառայությանը: Իսկ ծառայության ժամանակ որևէ խնդիր չի ունեցել:  Հստակ երևում է, որ  ստիպողաբար է ասում»:

Հ.Գ. Հաստատ որևէ մեկի համար այնքան դժվար ու  ցավոտ չի եղել, որքան Հակոբի ու իր հարզատների:

Հակոբը Հայոց բանակի զինվոր է, ով նախքան գերեվարվելը սահման է պահել:

Հակոբն ընտանիք ունի, հարազատներ, երազանքներ, նպատակներ, որոնք անպայման կիրականացնի հայրենիքում:

Պարզապես զերծ մնանք անհարկի մեկնաբանություններից:

 

Հասմիկ Գյոզալյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more