▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմի ժամանակ մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել. Սերժ Սարգսյան

«Մենք, այո, ունեցել ենք բանակ: Մեր բանակը դա ապացուցել է. ապացուցել է 1992-94թթ., ապացուցել է ընդհուպ մինչև 2018թ., 2016թ. այո, ապացուցել է: Գիտե՞ք, երկրի կառավարիչները հաճախ փորձում են ինչ-որ բան համեմատել ավտոմեքենայի հետ. մեր բանակը «Մերսեդես» չէր, դա անկասկած, և չէր էլ կարող լինել, որովհետև նույն «Մերսեդեսը» տասնամյակների պատմություն ունի, բայց մեր բանակը կարելի է համեմատել, ռուսերեն լավ բառ կա՝ «դաբրոտնի», նորմալ մեքենայի հետ, որ իր պարտականությունները կատարում էր»,- «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Եվ սրանք խոսում են այն մասին, որ այդ մեքենան լավը չէր, էս չէր, էն չէր, մոռանալով, որ այդ մեքենան վարում է ոչ միայն վարորդական իրավունք չունեցողը, այլ ընդհանրապես վարել չիմացողը, և անխուսափելիորեն այդ մեքենան ձորն է ընկնում, և ընկել է ձորը: Բայց փոխանակ հասկանան, որ պետք է մեքենան վարել իմանալ, կառավարել իմանալ, նորից խոսում են, որ բանակ չենք ունեցել, էս չենք ունեցել, էն չենք ունեցել»,- ասաց նա:

Երրորդ նախագահը նկատեց՝ փողի հետ կապված բոլոր այն թվերը, որ Հայաստանի կառավարիչները հրապարակում են, միֆ է, հեքիաթ է. «Հեքիաթ այն առումով, որ նույնիսկ սովորական քաղաքացին շատ լավ գիտի, թե ինչ արժեք ունի մեկ դոլարը 2022-23թթ., և ինչ արժեք ուներ այդ դոլարը 1994թ., 2004թ., 2014թ.: Երկրորդ՝ որևէ մեկը չի խոսում այն մասին, որ 2018թ. հետո Հայաստանը որևէ ռազմատեխնիկական աջակցություն չի ստացել, իսկ մինչև 2018թ., ես կարող եմ խոսել իմ ժամանակահատվածի մասին և այն ժամանակահատվածի մասին, երբ ես երկար տարիներ եղել եմ պաշտպանության նախարար, մենք ստացել ենք ահռելի ռազմատեխնիկական օժանդակություն:

Չեմ ուզում թվեր ասել, որ վաղը-մյուսը օրը շահարկման առարկա չդառնա: Էլի չեմ ուզում շատ թվերի մեջ մտնել, որովհետև ուրիշ կերպ սա կմեկնաբանվի, բայց ասեմ՝ մեր բանակն ունեցել է բավականաչափ ռազմամթերք և ռազմական տեխնիկա՝ պատերազմն այսպես չավարտելու համար: Մեր ամենահզոր զենքերը ուղղակի չեն օգտագործվել, ինձ համար անհասկանալի պատճառներով չեն օգտագործվել: Իսկ այդ զենքերը ժամանակին օգտագործելու պարագայում իրավիճակը բոլորովին այլ կլիներ: Խոսում են, որ զինամթերք չի եղել, զենք չի եղել, բա եթե հետևում եք ռուս-ուկրաինական ռազմական գործողություններին, տեսնո՞ւմ եք, որ ռուսական կողմը, դեռ ուկրաինականի մասին չեմ ասում, օգտագործում է բոլոր այն զենքերը, որ մենք ունեինք: Զենքը նաև օգտագործող է պետք:

Եթե դու չես օգտագործելու, եթե նույնիսկ ատոմային ռումբ էլ ունենայինք, ուրեմն՝ չենք օգտագործելու, չէ՞:  Բացի դրանից՝ զինամթերքի և ոչ միայն զինամթերքի, այլ նաև անձնակազմի առումով մենք 44-օրյա պատերազմի ընթացքում օգտագործել ենք 50 տոկոսի չափով, բա այն 50 տոկոսն ինչո՞ւ չենք օգտագործել: Դա արդեն մյուս հարցազրույցների ժամանակ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more