▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմի միակ մեղավորն ու պատասխանատուն Փաշինյանը չէր. Գեղամ Նազարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին անդամ, այժմ արդեն անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իր կարծիքը Նիկոլ Փաշինյանի և նրա վարած քաղաքականության վերաբերյալ չի փոխվել․ «Ընդհակառակը, իմ անդադար ելույթները բերեցին նրան, որ Փաշինյանը հայտարարեց, որ կարող էր այնպես անել, որ 44-օրյա պատերազմը չլիներ, բայց արդյունքը գրեթե նույնն էր լինելու։ Մտածում էի՝ այդ ելույթից հետո քաղաքական ուժերն ու ժողովուրդը դուրս կգան փողոց, սակայն ոչինչ տեղի չունեցավ, կարծես Փաշինյանը դոլարի կուրսի վերաբերյալ էր հայտարարություն արել»,- նշեց Նազարյանը։
Հարցին՝ էլ ո՞ւմ եք համարում պատերազմի պատասխանատու բացի Փաշինյանից, պատասխանեց․ «Այդ մասին ես հետո կխոսեմ, հիմա չեմ ասի, շատ բան գիտեմ, բայց կխոսեմ այն պահին, երբ իմ ասածը երկրին մի գրամ օգուտ կտա»,- ասաց Նազարյանը՝ հավելելով, որ հիմա իր ասածը միայն կցավեցնի զոհվածների ծնողներին և կեղծ շահարկումների առիթ կտա․ «Հեշտ է ասելը, որ միակ մեղավորը Նիկոլն է, բա մնացա՞ծը։ Իհարկե Նիկոլ Փաշինյանը շատ մեծ մեղավորություն ունի, բայց դա չի նշանակում, որ նա մենակ է եղել»,- ասաց Նազարյանը՝ նշելով, որ այդ եզրահանգման է եկել երկար ուսումնասիրություններից հետո։

***

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջինն է ասել, որ «դու իրավունք չունես քո այս կարգավիճակով մանդատը վայր դնելու»»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գեղամ Նազարյանը։

Լրագրողի հարցին՝ Քոչարյանը ժողովրդավա՞ր է դարձել, պատասխանեց. «Քոչարյանը միշտ է ժողովրդավար եղել, ուղղակի, ցավոք, ինքն իր PR-ին երբեք ուշադրություն չի դարձրել։ Եթե Ռոբերտ Քոչարյանը ժողովրդավար չլիներ, Հայաստանը 1998-2008 թվականներին այդ կարգի տնտեսական աճ կարձանագրե՞ր։ Ամենասովորական մարդիկ կկարողանայի՞ն խնդիրներ լուծել․․․»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով Քոչարյանին՝ ԱԺ մտնելու համար:

***

«Ինձ խմբակցությունից չեն հեռացրել, տեղի է ունեցել համատեղ քննարկում և որոշում է կայացվել, որ շատ ավելի արդյունավետ կլինի մեր աշխատանքը, եթե ես շարունակեմ իմ աշխատանքը որպես անկախ պատգամավոր»,- լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին անդամ Գեղամ Նազարյանը։
«Հանդիպել եմ նաև Ռոբերտ Քոչարյանի հետ, եկել ենք այն եզրահանգման, որ ավելորդ մեկնաբանություններից խուսափելու համար ես շարունակեմ աշխատանքը որպես անկախ պատգամավոր»,- նշեց նա՝ հավելելով, որ անելիքներ ունի օրենսդիր մարմնում և չի պատրաստվում մանդատը վայր դնել․ «Կոչ եմ անում չներկայացնել, թե Գեղամ Նազարյանն անցում է կատարում դեպի ՔՊ, հակառակը՝ Գեղամ Նազարյանը լինելու է ավելի արմատական ընդդիմադիր պատգամավոր»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունը որոշում էր կայացրել հեռացնել Գեղամ Նազարյանին իրենց խմբակցությունից, քանի որ պատգամավորի տեսակետները այլևս չեն համընկնում խմբակցության քաղաքական տեսակետների հետ։

***

«Ոմանց ակտիվ աշխատանքն է, որ եկանք հասանք մի կետի, որ ես ստիպված պետք է անկախ պատգամավոր մնամ։ Կան ուժեր, որոնք անդադար իմ դեմ սկսեցին պայքարել»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին անդամ Գեղամ Նազարյանը․ «2022 թվականից սկսած նկատեցի, որ իմ դեմ ֆեյսբուքյան գրառումներ կան և՛ իրենց դեմքերով, և՛ ֆեյքերով։ Երբ զոհված հերոս տղերքի ծնողների որոշ խմբավորման միջոցով իմ դեմ պայքարում էին, սուտ լուրեր էին տարածում, ես լռում էի համեստորեն, մտածում էի՝ կանցնի։ Մինչև հիմա պատճառը չգիտեմ»,- ասաց Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով նաև իր աղմկահարույց հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանին ներել է․ «Ես հասկանում էի, որ եթե նման բան ասեմ, իմ դեմ պայքարող շրջանակները դա օգտագործելու են՝ հաշվի առնելով, որ հայ ժողովուրդը չգիտի՝ ինչ է ներելը։ Ներելը դա քրիստոնեական հասկացողություն է, եթե ասում եմ, որ Նիկոլին ներում եմ, դա չի նշանակում, որ ասում եմ՝ Նիկոլը ճիշտ էր, որ նրա գործողություններն օրինաչափ էին, կամ որ նա չպետք է պատասխան տա այն որոշումների համար, որոնք հանգեցրեցին ծանր կորուստների, արհավիրքի»,- ասաց Նազարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more