▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմում պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանար. Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին ղեկավար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք այլանդակ, զզվելի ստի ու կեղծիքի մեջ ենք ապրում։ Ոչ մի կերպ չենք ուզում առերեսվել իրողություններին։ Դատում ենք ու ուզում ենք մեզ դատեն պայմանական Շվեյցարիայի չափորոշիչներով, բայց վարք ու բարքով շարունակաբար ձգտում ենք պայմանական Զիմբաբվեին ու Նիգերիային, դրանից էլ ցած։ 2018 թվականի հնարավոր զարթոնքն անմիջապես էլ խեղդվեց իր բարուրում։ Կառավարող ուժն էդ զարթոնքի մանկասպանը դարձավ։ Պատերազմում պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը պետք ա հեռանար ոչ թե որովհետև ապացուցված դավաճան էր, այլ քանի որ առհավետ կորցրել էր իր հանդեպ վստահության ու հարգանքի էն մակարդակը, որ ծայրահեղ անհրաժեշտ էր ծանր վիճակում երկրի քաղաքական առաջնորդության համար։ Դա վերականգնվող ռեսուրս չի՝ էդ ստատուսը նա էլ երբեք չի վայելելու, ստատուս քվոն այլևս չի վերականգնվելու։ Իսկ ներկայիս կարևոր փուլի համար դա խիստ անհարաժեշտ պայման ա, օրինակ՝ բանակի ռեֆորմների մաս կազմող քննարկվող օրինագծի համար։ Իհարկե, սոցիալական բևեռվածությունը մեր երկրի ամենածանր խնդիրներից մեկն ա։ Ավելին, կարծում եմ՝ մինչև 20 թվականի նոյեմբերի 10-ը դա մեր հանրության առաջ ծառացած խնդիրներից առաջինն էր, որից բխում էր մնացած ամեն ինչ։ Արդարության բացակայությունը մեր պատերազմող երկիրն անընդհատ քաղաքական ցնցումների առաջ էր կանգնեցնում և, ի վերջո, հանգեցրեց պատերազմում պարտության։ Ես ինքս քաղաքական հոսանքի մաս եմ կազմել ու կազմում եմ, որի գլխավոր առաքելությունը համընդհանուր բարեկեցության պետության ստեղծումն ա, որտեղ սոցիալական արդարությունը երաշխավորված ա։ Դրա համար 2018-ից հետո ամենակարևոր առաջարկներից մեկը եղել ա ապօրինի հարստության վերաբաշխումն էնպես, որ համերաշխության մթնոլորտ ստեղծվի։ Էս առաջարկը սկզբում ընդունվեց կառավարող ուժի կողմից, այնուհետև, անցնելով կառավարական միջանցքներով, ձևախեղվեց ու դարձավ ապօրինի հարստությունը բռնագանձելու ներկայիս օրինագծի, ինչը երկիրը կանգնեցրեց շղթայական հեղափոխությունների վտանգի առաջ։ Ներկայիս ԱԺ պատկերը դրա հետևանքն ա, երբ ամբողջ խորհրդարանը կազմված ա էդ հարստությունը սեփական շահը հաշվի առնելով բռնագանձելու և այն թեկուզ հեղափոխությունների ու անվտանգության հաշվին պահպանելու միտված խմբերից։ Կարծում եմ՝ ապագան միայն վատանալու միտում ունի, քանի որ կառավարող ուժը, քաղաքական դաշտը հույս չի ներշնչում, թե ապագայում մեզ ինչ-որ լավ բան ա սպասում։ Անորոշությունն սպառում ա մարդու էներգիան, ստիպում տեղ գտնել, որտեղ գոնե ինչ-որ որոշակիություն կա՝ հավատ վաղվա օրվա նկատմամբ։

Էսքանը գրեցի օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ դատողությունների ելակետը ներկայացնելու համար։ Հիմա բողոք կա, թե ծառայության ժամկետը փողի դիմաց կրճատելու օրենսդրական նախաձեռնությունն արդար չի և կխորացնի սոցիալական լարվածությունը, կհանգեցնի հանրային համերաշխության խաթարմանը։ Դասականի ասած՝ իյա՛, իրո՞ք։ Իբր ամեն ինչ կարգավորվել էր, հիմա էդ մի հանգամանքը փչացնելո՞ւ ա համընդհանուր իդիլիան։ Դեռևս պատերազմից առաջ, որպես ֆորմալ քաղաքական միավորի ներկայացուցչի, գիտե՞ք՝ ինչքան են դիմել, որ օրենսդրական նախաձեռնություն լինի 18 տարեկան տղաներով համալրված բանակի փոխարեն պրոֆեսիոնալ բանակ ունենալու վերաբերյալ։ Հիմա չեմ լսում, որովհետև առաջինը՝ ֆորմալ քաղաքական միավորի մաս չեմ, երկրորդն էլ՝ էդ մարդիկ արդեն արտագաղթել են։ Իհարկե, նրանց կողմից դա խիստ անարդար ա մյուսների նկատմամբ, քանի որ արտագաղթելով իրենց տան, հայրենիքի պաշտպանության բեռը դնում են մյուսների ուսերին, դրսից քննադատում, որ իրենց տունը լավ չեն պաշտպանում, բայցև ամեն ամառ գալիս քեֆ-ուրախություն անում, խմում հողուջրի, զինվորների կենացը։ Դա շատ անարդար ա, բայց էդ ա։ Հիմնականում արտագաղթում են նրանք, որոնք մի քանի տարի հետո որդիներ են ուղարկելու բանակ։ Դրանք մեր երկրի աշխատունակ, ուժերի ծաղկման շրջանում գտնվող քաղաքացիներին են, իսկ նրանց որդիները՝ նույնի ապագան։ Մարդիկ կլինեն, որ կասեն, թե թող գնան, իսկ էստեղ մնան մարդիկ, որոնց պետք ա Հայաստանի Հանրապետությունը, որոնք դրա համար պատրաստ են կյանք զոհաբերել։ Համաձայն եմ։ Բայց միևնույնն ա, պաշտպանունակ պետություն ունենալու համար էդ պարագայում կարիք ենք ունենալու պայմանագրային զինծառայողների։ Փաստացի ընտրությունը նրա մեջ ա, որ էդ արտագաղթողները մնան, վճարեն էդ պայմանագրային զինծառայողների աշխատավարձը և ունենանք արտագաղթ, մնացողները ծառայեն ու վճարեն պայմանագրային ծառայակիցների աշխատավարձը։ Դա, ի վերջո, հանգեցնելու ա նրան, որ մենք ստիպված ենք լինելու արտապատվիրակել երկրի պաշտպանությունը, դրա դիմաց զիջելով ինքնիշխանության վերջին փշուրները։ Չափազանցնո՞ւմ եմ, արդյոք, խնդիրը։ Գուցե։ Իսկ դուք տեղյա՞կ եք արտագաղթի տեմպերից։ Պաշտոնական վիճակագրությունը դրանք մեղմելու ա՝ չնշելով, որ թվերն աղետի ծավալներից հեռացել են օտարերկրյա քաղաքացիների մասսայական մուտքի արդյունքում։ Պաշտոնական վիճակագրությունը մի կողմ, դուք ձեր շրջապատում երիտասարդների արտահոսք չե՞ք տեսնում։ Դուք տեսնո՞ւմ եք մեր բուհերի դիմորդների քանակը։

Ամփոփելով, իհարկե, միայն էս օրինագծի ընդունմամբ երկրի ու բանակի հարցերը չեն լուծվելու։ Դրանք լուծելու համար միտք ա պետք ու վստահություն վայելող կառավարող թիմ։ Կառավարող ուժը դա չի կարող անել, նույնիսկ եթե շատ ուզենա։ Առանց վստահության ու հանրային համերաշխության ամեն ինչ միայն վատ ա լինելու։ Բայց հետաքրքիր ա, որ իմ ՖԲ-յան պատին օրինագծից ու երկրի վիճակից բողոքում են նրանք, որոնք նոր ընտրության ժամանակ ԷԼԻ ընտրելու են «ՔՊ» կուսակցությունը։ Եվ գրառումն ավարտեմ նրանով, ինչից սկսել եմ։ Մենք այլանդակ, զզվելի ստի ու կեղծիքի մեջ ենք ապրում։ Ոչ մի կերպ չենք ուզում առերեսվել իրողություններին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more