▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավոր Նարեկ Գրիգորյանի գլխավորած «Գեղարքունիք» ջոկատն առաջնագծում չի եղել եւ մարտական առաջադրանք չի կատարել․ ՊՆ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի գլխավորած «Գեղարքունիք» ջոկատն առաջնագծում չի մարտնչել եւ առանձին որեւէ մարտական առաջադրանք չի կատարել:

Այս մասին, ի պատասխան Yerkir.am կայքի հարցմանը, հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Օրեր առաջ անդրադարձել էինք ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթին, որում նա հայտնել էր, թե իբր 44-օրյայի օրերին եղել է ինչ-որ «Գեղարքունիք» ջոկատի հրամանատար, եւ իբր իր մոտ են բերել ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հորը՝ Վաչիկ Սաղաթելյանին, որն էլ իբր խնդրել է Նարեկ Գրիգորյանին, որ ինքը հիվանդ է, իրեն թողնեն՝ գնա տուն։

Նշված առիթով հարցում էինք ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով պարզաբանել, թե առաջնագծի ո՞ր հատվածներում է մարտնչել Նարեկ Գրիգորյանի գլխավորած «Գեղարքունիք» ջոկատը, քանի՞ հոգի են անդամակցել տվյալ ժամանակահատվածում «Գեղարքունիք» ջոկատին, բանակային ո՞ր ստորաբաժանման կազմում է ջոկատը մասնակցել մարտական գործողություններին, մարտական ի՞նչ առաջադրանքներ է կատարել,  քանի՞ օր է տեւել ջոկատի մասնակցությունը պատերազմին, քանի՞ վիրավոր, քանի՞ զոհ է տվել ջոկատը, պատերազմին մասնակցության համար ջոկատի անդամներից քանի՞սն են արժանացել պարգեւների, ինչպիսի՞ պարգեւներ են տրվել նրանց:

ՊՆ գլխավոր քարտուղարը գրավոր պարզաբանել է, որ Նարեկ Գրիգորյանի գլխավորած «Գեղարքունիք» ջոկատն առաջնագծում չի մարտնչել, առանձին որեւէ մարտական առաջադրանք չի կատարել, ջոկատի անձնակազմից զոհեր եւ վիրավորներ չեն եղել, պարգեւատրման ներկայացումներ չեն եղել:

Ի հավելումն վերոհիշյալի՝ ՊՆ-ից հայտնում են, որ հիշյալ ջոկատին անդամակցել է 300 պահեստազորային՝ համաձայն հաստիքային կառուցվածքի, ջոկատը զինվորական ծառայության է ներգրավվել 2020 թ. հոկտեմբերի 24-ից դեկտեմբերի 14-ը: Չնայած այդ պատկառելի թվին՝ ՊՆ-ի տեղեկատվությունից պարզվում է, որ ջոկատը N զորամասի ստորաբաժանում է, սակայն զորամիավորման հրամանատարի հրամանով նախատեսվել է որպես ԲԿ հրամանատարի ռեզերվ եւ գործել ԲԿ հրամանատարի առանձին կարգադրություններով՝ իրականացնելով 2-րդ շարակազմի պաշտպանության եւ թիկունքային ապահովման խնդիրներ, ուշադրություն՝ ընդամենը 31 զինծառայողի կազմով (այդ թվում՝ Ն. Գրիգորյանը): Ստացվում է, որ Նարեկ Գրիգորյանի ցուցակագրած 300 անձից ընդամենը 31-ն են ներգրավվել ինչ-որ թիկունքային աշխատանքներում: Սա է եղել «Գեղարքունիք» կոչված ջոկատի ամբողջ «մարտական ուղին»:

Հայտնել էինք նաեւ, որ, ըստ տեղեկությունների, ՀՀ Ազգային  ժողովի պատգամավոր Նարեկ Հարազատի Գրիգորյանը նաեւ հաշվառված է ՀՀ ԱՆ «Սեւանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում: Այս տեղեկությունը ՀՀ առողջապահության նախարարությունը չէր հերքել:

Պաշտպանության նախարարին հարցրել էինք՝ արդյո՞ք հոգեկան առողջության կենտրոնում հաշվառված Նարեկ Գրիգորյանը իրավունք է ունեցել 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ կազմելու ջոկատ, զինվելու եւ մարդկանց ուղեկցելու մարտական գործողությունների, ՀՀ պաշտպանության նախարարությունն  ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկել՝ այդ ամենը վերահսկելու համար: Նախարարությունը, ցավոք, այս մասով որեւէ պարզաբանում չի ներկայացրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more