▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավորի քրեական անցյալով որդին՝ թեկնածու.«Ժողովուրդ»

Այս տարվա մարտի 15-ին ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Առաջադրված թեկնածուները վեցն են, որից չորսը ՀՀԿ-ական են: Ուշագրավ է, որ առաջադրված թեկնածուների թվում է նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին՝ Արտակ Գեւորգյանը, ով քրեկան անցյալ ունի: Տեղեկացնենք, որ գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը նույնպես առաջադրվել է: Սակայն այս անգամ նրա բախտը կարծես թե չի բերելու, քանի որ ըստ տարածված լուրերի՝ նրա խնամին՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որոշել է այս անգամ չխառնվել ընտրություններին: Այս պատճառով իր թեկնածությունն է առաջադրել նաեւ Արմավիրի գործող քաղաքապետի տեղակալ Մելիք Բաղդասարյանը, ով Խլղաթյանի քրոջ որդին է: Գործող քաղաքապետից փորձում է ազատվել նաեւ Արմավիրի մարզպետը՝ Աշոտ Ղահրամանյանը: Եւ արմավիրցիների խոսքով՝ առաջադրված թեկնածուների ցանկում տեղ են գտել նաեւ մարզպետի «մտերիմները»՝ մարզպետի ՀՀԿ-ական օգնական Նվեր Պետրոսյանը եւ «Պարիտետ ինվեստ»-ի գլխավոր տնօրեն Մանուկ Սիմոնյանը:

Այս իրավիճակում ուշագրավը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդու՝ Արտակ Գեւորգյանի առաջադրումն է: Հիշեցնենք, որ պատգամավորի որդին դեռեւս 2012 թվականի հուլիսի 18-ին ոչ սթափ վիճակում զենքի պարտադրանքով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի գազալցակայանի մոտից առեւանգել էր 25-ամյա մի երիտասարդի պատկանող «ԳԱԶ 24»-ը եւ փախել: Նույն օրը նա, իհարկե, ձերբակալվեց, իսկ երեկոյան խուզարկությամբ նրա բնակարանից հայտնաբերվեց եւ առգրավվեց ատրճանակ: Ավելին՝ պատգամավորի որդուն մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի (ավտոմեքենայի կամ տրանսպորտային այլ միջոցի ապօրինաբար տիրանալը, փախցնելը) եւ 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը, կրելը, օգտագործելը) հատկանիշներով: Սակայն այսքանից հետո պատգամավոր Նովոյի որդին ազատության մեջ է եւ դեռ պատրաստվում է Արմավիրի քաղաքապետ դառնալ:

«Ժողովուրդ»-ը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց՝ արդյոք օրենքը թույլ տալիս է, որ նախկինում ձերբակալված եւ քրեական անցյալ ունեցող անձը առաջադրի իր թեկնածությունը համայնքի ղեկավարի պաշտոնի համար:

«Նա եւ մյուս թեկնածուներն իրենց փաստաթղթերը ներկայացրել են ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: ՀՀ ընտրական օրենսգրքում հստակ նշված է, թե ով կարող է առաջադրվել, ով իրավունք ունի առաջադրվելու: Փաստաթղթերը ներկայացնելուց հետո հինգ օր ժամկետ է տրված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, որի ընթացքում ուսումնասիրվում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունն օրենքի պահանջներին: Եւ, բնականաբար, եթե այդ ընթացքում հայտնաբերվում են հանգամանքներ, որոնք օրենքով սահմանված լինելով՝ բացառում են տվյալ թեկնածուի գրանցումը, ապա կայացվում է գրանցումը մերժելու մասին որոշում»,- ներկայացրեց Մուկուչյանը:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more