▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատմական սխա՞լ

1-Ռուսաստանի արտգործնախարար Լաւրովն է վերնագրի հեղինակը, որն օրերս ուղղել է ԱՄՆ-ին՝ Սիրիայի դէմ ռազմական ուժի կիրառումից խուսափելու համար: «Սիրիայի հարցում ձեր կողմից թոյլ տրւող «պատմական սխալը»,- ընդգծել է Լաւրովը,- կը ներքաշի ողջ տարածաշրջանը անկանխատեսելի պատերազմի մէջ...»:

2-Նոյն հարցի վերաբերեալ կայացել են հեռախօսազրոյցներ՝ Լաւրովի եւ իր գերման գործընկերոջ եւ Օբամա-Քամերոնի միջեւ, իսկ զուգահեռ սրանց՝ Ֆրանսիան ի նախագունէ խիստ դիրքորոշում որդեգրելով՝ յայտարարել է Սիրիայի դէմ զինուժ կիրառելու մասին՝ վերջնիս կողմից քիմիական զանգւածային զէնք օգտագործելու պատճառով:

3-ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Բան Կի Մունը, ինչպէս երբեւէ, այս խնդրում եւս հրապարակել է պրոտոկոլային դատապարտանքի յայտարարութիւնը, իսկ հէնց սկզբից Ասադի գահընկէցութիւնն սադրող հակաալաւիական Թուրքիան ու Ս. Արաբիան ակնդէտ սպասում էին «համաշխարհային հանրութեան» նմանատիպ համախոհութեան ձեւաւորման վերջին փուլին, որին հասնելու «յարմարագոյն» գործօնն է հանդիսացել քիմիական զէնքը:

4-Ուրւագծւած սցենարը շատ նմանութիւններ ունի նոյն «համաշխարհային հանրութեան» կողմից Իրաքի դէմ յարձակման սցենարին, այն տարբերութեամբ, սակայն, որ այսօր, թիրախ ընտրած երկրի նախագահ Ասադի դիրքերը օրէօր ոչ թէ թուլանում, այլեւ գնալով աւելիով են ամրապնդւում, յատկապէս, երբ քաղաքական ու դիւանագիտական մակարդակում եւս վայելում է Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի, իսկ այժմ էլ «բախտակից» Լիբանանի ու Իրաքի հովանաւորութիւնը:

5-«Համաշխարհային հանրութեան» համախմբումը Ասադի դէմ, սակայն, պատկերացնելի չէ առանց քարոզչական համարժէք սցենարների, իսկ այստեղ եւս գործի լծւեցին «Ալջազիրայական» հնարքները՝ քիմիական զէնքերի կիրառման դատապարտելիութեան եւ օգտագործողի, «Ալ Ջազիրա»-ի մատուցմամբ՝ Ասադի իշխանութեան պատժելիութեան արդարացման վերաբերեալ...

6-...Եւ ինչպէս լրահոսից է երեւում, ներկայ պահին ԱՄՆ (ՆԱՏՕ) զինուժերը սպասում են հրահանգի, իսկ «հարեւանների հետ զրօ խնդիր» ունեցող Թուրքիան էլ ուժեղացնում ու զգօնութեան է բերում Սիրիային սահմանակից իր զօրամիաւորումները:

7-Կը հրաժարւի՞ արդեօք «համաշխարհային հանրութիւնը» Լաւրովի ասած «պատմական սխալի» ուղղութեամբ ընթանալուց, թէ՞ Միջին ու Մերձաւոր արեւելեան, Արաբա-աֆրիկեան, Հարաւկովկասեան աշխարհամասերում առգոյ թէժ կէտերը մօտալուտ ապագայում կը վերածւեն աշխարհասասան բռնկւող անմարելի հրդեհների:

Յար եւ նման 100 տարի առաջ թոյլ տրւած «պատմական սխալին», որն էլ յանգեցրեց Առաջին համաշխարհային պատերազմի...

 

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ
ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more