▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փայլուն հաղթանակներ՝ թուրք և ադրբեջանցի մարզիկների նկատմամբ». բռնցքամարտի ֆեդերացիա

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է․

/filemanager/uploads/2022/03/week-3/brncamartikner_1.jpg

«Փայլուն հաղթանակներ թուրք և ադրբեջանցի մարզիկների նկատմամբ և երկու հայ բռնցքամարտիկ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակչում է: Ճակատագրի բերումով Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում իրար հետևից նույն ռինգում Ռուսլան Ասլիկյանն ու Արթուր Շախպազյանը մենամարտեցին թուրք ու ադրբեջանցի բռնցքամարտիկների հետ: Առաջինը գեղեցիկ հաղթանակ տոնեց 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, որը առավելության հասավ թուրք Տահիր Ակոյունի նկատմամբ: Առաջին ռաունդում մրցավարները 4:1 հաշվով առավելությունը տվեցին մրցակցին, բայց 2-րդ և 3-րդ ռաունդներում Ասլիկայնը փոխեց մարտավարությունն ու բեկեց մենամարտի ընթացքը: Հատկապես տպավորիչ էր մեր մարզիկի մենամարտը 3-րդ ռաունդում: Նա շատ մոտ էր նաև նոկաուտով հաղթանակի: Գերկամային հաղթանակ տոնեց նաև 63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանը: Ադրբեջանցի Ջալալ Գուրբանովի հետ մենամարտում մեր մարզիկն առաջին ռաունդում ձախ կողային ուժգին հարված բաց թողեց և մրցավարը հաշիվ բացեց: Շատերը կընկճվեին, բայց Շախպազյանը հակառակը՝ շատ արագ հասկացավ սխալն ու լսելով նաև մարզիչներին զրկեց մրցակցին ձախով հարվածներ կատարելու հնարավորությունից: 2-րդ ռաունդում նախաձեռնողի դերում արդեն հայ մարզիկն էր: Նա ավելի շատ էր հարվածում, իսկ մրցակիցը պարզապես փախնում էր ռինգում, կամ բռնում: Արդյունքում Շախպազյանը 4:1 հաշվով շահեց ռաունդը: 3-րդ վճռորոշ ռաունդում մեր բռնցքամարտիկն ավելացրեց ճնշումը: Նա պարզապես շնչելու հնարավորություն չտվեց մրցակցին ու գերկամային ֆանտաստիկ հաղթանակ տոնեց:

Այսպիսով Հայաստանն ունի եզրափակիչի երկու մասնակից, իսկ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը հայրենիք կվերդառնա բրոնզե մեդալով»:

Աղբյուրը` Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more