▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փորձենք վերլուծել մեր խումբը՝ ոչ մի խոսք չասելով այս հավաքականների ներկայիս ելույթներից

Իսկ հիմա, վիճակահանությունից մի քանի ժամ անց՝ սառը գլխով, փորձենք վերլուծել մեր խումբը՝ ոչ մի խոսք չասելով այս հավաքականների ներկայիս ելույթներից (ԱԱ ընտրական փուլում կարող է լրիվ այլ իրավիճակ լինել):

Նախ, վաղուց էի նշել, որ կցանկանայի մեր խմբում տեսնել Ռումինիայի եւ Դանիայի հավաքականներին: Ռումինիան առաջին զամբյուղից մեզ համար ամենաընդունելի տարբերակն էր: Ընդունելի, բայց ոչ՝ ամենաթույլ, քանի որ չի կարող թույլ հավաքականը տեղ ունենալ առաջին զամբյուղում: Սակայն համաձայնեք, որ Ռումինիան ավելի «անցողիկ» հավաքական է, քան Իտալիան, Անգլիան, Գերմանիան... Ռումինիայի ներկայիս հավաքականում ընդգրկված են ընդամենը երկու «լեգեոներներ»: Դժվար է ասել, թե ինչ ԱԱ ընտրական փուլում ինչ պատկեր կլինի ռումինացիների կազմում, բայց ներկայումս այդպես է: Չկան աստղային անուններ, որոնք Ռումինիան մշտապես ունեցել են: Իլիեի, Հաջիի «իրավահաջորդները» ոչ այնքան ուժեղ, որքան բավական ամուր թիմ են, որոնց նկատմամբ հեշտ հաղթանակը դրված չէ եւ ոչ մի հավաքականի «գրպանում»:

Ինչ վերաբերում է Դանիայի ընտրանուն, ապա, ինչպես երիտասարդներն են սիրում ասել, դանիացիք «մեր ախպերներն են»: Այս ընտրանուն, կազմում ընդգրկված ֆուտբոլիստներին մենք հրաշալի ճանաչում ենք եւ առանձնապես ներկայացնելու հարկ չկա: Եւս մեկ անգամ Դանիայի հավաքականի խաղը տեսնելու առիթը շուտով կունենանք՝ Երեւանում:

Լեհաստան. Առաջին հայացքից, հենց այս հավաքականն է լինելու մեր խմբի ակնհայտ ֆավորիտը: Միայն կազմի, ֆուտբոլիստների ընտրության տեսանկյունից, Լեհաստանն իսկապես E խմբի տեսանելի առաջատարն է: Այլ հարց է, թե ինչպիսի՞ վիճակում լեհերը կմոտենան ԱԱ-ի ընտրական փուլին: Սակայն, համաձայնեք, որ կազմում ունենալով Արթուր Բորուց, Վոյցեխ Շչեսնի, Կամիլ Գլիկ, Արկադիուշ Միլիկ, Յակուբ Բլաշիկովսկի, Լուկաշ Պիշչեկ, Գժեգոշ Կրիխովյակ Ռոբերտ Լեւանդովսկի, Լեհաստանը թույլ լինել չի կարող:

Բալկանյան թերակզու հավաքականները միշտ էլ աչքի են ընկել անկոտրում կամքով, պայքարելու կարողությամբ, կազմերի ընտրությամբ, բարձրակարգ ֆուտբոլիստներով եւ կամային փայլուն որակներով: Բցառություն չէ նաեւ Չեռնոգորիայի հավաքականը, որին, անձամբ ես, համարում եմ մեր խմբի թաքնված ֆավորիտը: Շատերի կարծիքով՝ Չեռնոգորիան մեր խմբում լուրջ խնդիրներ լուծել չի կարող: Բայց հավատացնում եմ, որ ամենամեծ անակնկալը սպասեք հենց այս հավաքականից: Վլադիմիր Բոժովիչ, Մարկո Բաշա, Ստեֆան Սավիչ, Սաշա Բալիչ, Սիմոն Վուկչեւիչ, Դեյան Դամյանովիչ, Ստեւան Յովետիչ, Միրկո Վուչինիչ... ֆուտբոլիստներ են, ովքեր կարող են շատ լուրջ «եղանակ ստեղծել»: Պետք չէ կենտրոնանալ այս հավաքականի վերջին ելույթների վրա, քանի որ Չեռնոգորիան այն ընտրանին է, որն ունի հսկայական ներուժ եւ, համոզված եմ, կերպարանափոխված է ներկայանալու ԱԱ ընտրական փուլին եւ խառնելու է E խմբի բոլոր խաղաքարտերը:

Ղազախստանի հավաքականին մենք լավ ենք ճանաչում, ղազախական ֆուտբոլը՝ առավելեւս: Ընդամենը օրեր առաջ Երեւանում տեսանք Ալմաթիի Կայրաթին, որի կազմում էլ հենց հանդես է գալիս Ղազախստանի ընտրանու առաջատար Բաուրժան Իսլամխանը: Ղազախները նույնպես, կարող են լրջորեն փչացնել մեր խմբում ընդգրկված բոլոր հավաքականների տրամադրությունը: Հետաքրքիր կլինի եւս մեկ անգամ հետեւել հայ-ղազախական ֆուտբոլային դիմակայությանը:

Մրցակիցները մրցակիցներ, բայց մեր ուշադրության կենտրոնում մեր հավաքականն է: Անհրաժեշտ են խոշոր փոփոխություններ՝ խաղային տեսանկյունից: Հավաքականի կազմը պարտադիր պետք է համալրեն այն ֆուտբոլիստները, ովքեր «համառորեն» չեն հրավիրվում, սակայն անհրաժեշտ են մեր թիմին - Արտակ Դաշյան, Արթուր Եդիգարյան, Մաուրո Գեւգեոզյան, Դենիս Թումասյան, Դավիդ Յուրչենկո....շարքը կարելի է շարունակել, բայց այսքանով կավարտեմ, քանի որ, ինքներդ շատ լավ գիտեք, թե ովքեր են մեզ անհրաժեշտ: Մարզչական լուրջ մոտեցում, լուրջ աշխատանք, կազմի պարտադիր համալրում, հոգեբանական ճիշտ եւ կատարյալ լրջագույն աշխատանք, նոր մտահղացումներ, նոր մոտեցումներ եւ, չնայած մեր խնբի ամրությանը, կարող ենք հույս ունենալ, որ Հայաստանը ներկայացված կլինի Ռուսաստանում: Իսկ եթե խաղալու ենք այնպես, ինչպես հիմա, եթե չենք ունենալու նոր ֆուտբոլիստներ, մարզչական նոր շունչ, ապա արդեն այժմ կարող ենք մոռանալ մեր դաշնակից երկրում մեր ներկայության մասին:

Մենք սիրո՛ւմ ենք մեր հավաքականը, եւ միշտ հավաքականի կողքին ենք! Առա՛ջ, Հայաստան!

Մենուա Մեհրաբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more