▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փող լվանալու լավ տեղ է». Ճարտարապետը՝ «Կասկադն ավարտուն տեսքի բերելու» մասին

Երևանի քաղաքապետարանը «Ակտիվ քաղաքացի» հարթակում քվեարկության էր դրել երկու նախագիծ, թե «ինչպիսին կցանկանաք տեսնել Կասկադ համալիրը»։  Սակայն մի խումբ ճարտարապետներ դեմ են այդ նախագծերին, կամ, ընդհանրապես, որևէ նոր նախագծով Կասկադն ավարտական տեսքի բերելուն։ Նրանք պահանջում են պահպանել Կասկադի՝ ավարտական տեսքի բերելու այն նախագիծը, որի հեղինակներն են Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գուրզադյանը, Ասլան Մխիթարյանը:

Նախագծելով Կասկադը՝  հեղինակներն ավարտել են 1924 թվականին Ալեքսանդր Թամանյանի կողմից նախագծված Երևանի գլխավոր հատակագծի հորինվածքային առանցքը, այսպես կոչված, «Հյուսիսային ճառագայթը»։

«Կասկադը 1970-ական թվականներից, իբրև Ալեքսանդր Թամյանյանի գլխավոր պլանի բաղակցուցիչ մաս, սկսել է կառուցվել Ջիմ Թորոսյանի արվեստանոցում՝ Սարգիս Գուրզադյանի և Ասլան Մխիթարյանի համահեղինակությամբ։ Մեր պահանջն է՝ այն նախագիծը, որը հաստատվել էր, դրա հիման վրա կառուցվել է Կասկադը, սակայն անավարտ է մնացել,  շարունակվի, այսինքն Կասկադը շարունակի ստանալ իր օրգանական ավարտը։ Անավարտ թողնել այսպիսի նշանավոր կառույց՝ արված այսպիսի հեղինավոր ճարտարապետների կողմից, նշանակում է դիմել հերթական քաղաքաշինական ստորության, ճարտարապետական աղավաղման, վերածել բռի կարկատանի ու կառույցի ամբողջականությունը քանդել»,- լրագրողներին ասել է  ճարտարապետ Դավիթ Ստեփանյանը։

Նա ընդգծել է, որ գոյություն ունի հաստատված նախագիծ, որի տակ ստորագրել են երեք ճարտարապետները, ու հենց այդ նախագծով էլ պետք է շարունակվի Կասկադի կառուցումն ու ավարտուն տեսքի բերելը։

«Երկրորդ ճարտարապետի միջամտություն, միջազգային կարգի իբր ճարտարապետություն ունենալ, ձերբազատվել սովետական բաներից... Անգրագիտություն է, խայտառակություն է։ Կասկադը բացարձակ կապ չունի բուն սովետական «մուրճ ու մանգաղային» ճարտարապետության հետ, ամբողջն ազգային ճարտարապետություն է, այս դեպքում ազգային մոդեռնիստական ճարտարապետություն է, այսինքն համաշխարհային ճարտարապետական նվաճումները համադրված են ազգային ձեռագրով։ Մեզ մոտ այդ քաղքենիությունը շատ է տարածված, ինչ-որ համաշխարհային դեմք գա և այլն։ Համաշխարհային մեր վարպետն է եղել։
Այս մարդիկ հսկաներ են եղել։

Կասկադն աշխարհում է ունիկալ կառույց»,- ասել է Դ. Ստեփանյանը։ 

Ճարտարապետի խոսքով, այն, ինչ ուզում են անել, խայտառակություն է, բացարձակապես օրգանական շարունակության հետ կապ չունեցող կոմերցիոն նախագծեր են։

Հարցին՝ ինչո՞ւ են որոշել հիմա Կասկադն ավարտուն տեսքի բերել, նա ասել է. «Հավանաբար, փող լվանալու լավ տեղ է»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more