Սպանված Լյուքս Ստեփանյանի ծնողները Սեւան-Երեւան ճանապարհի` իրենց բողոքի ակցիայի հատված այցելած Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից ցանկանում էին լսել, թե դեպքի մասին ինչպե՞ս են իրեն զեկուցել:
Այս մասին գրում է haynews.am-ն ու նշում, որ նախարարը պատմել է հետևյալը. «Վեճը սկսվել է պզուկից, տղան ասել է` ինձ մի վիրավորի, նա ասել է` չեմ վիրավորում, դու ո՞վ ես ու կրակել է»:
Նախարարի այս խոսքից հետո մահացածի հարազատները հայտարարել էին, որ դա էլ ուզում էին լսել նախարարից, որ իրենց տղան ոչ թե մահացել է անզգուշության հետևանքով, այլ եղել է դիտավորյալ սպանություն:
Հիշեցնենք, որ Լյուքս Ստեփանյանին սպանել է զինակից Դավիթ Խաչատրյանը, ով որպես մեղադրյալ ներգրավել է հարուցված քրեական գործում։
Սպանված զինվորի հարազատներն այսօր փակել էին Երևան–Սևան մայրուղին, որպեսզի իրենց որդու դին բերեին Հանրապետության հրապարակի մեջտեղում դնեին եւ պատասխան պահանջեին Կառավարությունից ու Պաշտպանության նախարարությունից իրենց կորստի համար։
Հենց տեղում նրանց հետ բանակցություններ վարելու արդյունքում որոշվեց մահացած զինվորի դին հետ հանել եւ թաղել հարազատ գյուղում։