▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքագետ. «Պարզ չէ` «Ժառանգությունը» դասադուլավորների կողքին է, թե ուղղորդում է նրանց»

Պարզ չէ, թե «Ժառանգություն» կուսակցությունը այսօր դասադուլ հայտարարած և այդ քայլին դիմած ուսանողների կողքին է, թե ուղղորդում է այդ նախաձեռնությունը և իրականում դա ժառանգության մարտավարական քայլերից մեկն է: ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց  քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանը: 

«Հիմնականն այն է, որ այդ ամեն ինչի վերջը ամենից շատ կախված է այն նրանից, թե  այդ ամենը պարբերական բնույթ կկրի, թե ոչ: Մեծ առումով` դեռ շատ բան չի երևում, միայն օրենքի տեսանկյունից անհասկանալի բաներ կան»,- նշեց քաղաքական փորձագետը:

 Նրա խոսքով` այստեղ  կարևոր է այն հանգամանքը, որ ցուցարարները որոշակի պահանջ են ներկայացնում իշխանություններին, իսկ իշխանություններն էլ որոշակի  ձևով պատասխանում  են նրանց:           «Բայց ցուցարարները ոչ բառացի  ասում են, որ իրենց նպատակներին հասնելու համար կարող  են անօրինականությունների դիմել:  Թե ինչ կլինի վերջում, կախված է այդ նախաձեռնության հետևում կանգնած մարդկանց հետևողականությունից:   Համենայն դեպս, հետընտրական այս փուլում հանրապետության տարբեր վայրերում տարբեր նախաձեռնությունների կողմից տեղի ունեցող պրոցեսները իշխանությունների կողմից ինչ-որ ձևով չեն ձախողվել, խանգարվել կամ արգելվել»,- հավելեց  Տ. Աբրահամյանը:

Վերոհիշյալ հարցի վերաբերյալ մեզ թղթակիցը զրուցեց նաև «Ժառանգության» անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ: «Դասադուլը Սահմանադրությամբ ամրագրված է որպես իրավունք: Եթե ուսանողը ցանկանում է դասի գնալ, դա իր իրավունքն է, եթե ցանկանում է դասադուլին մասնակցել, ունի նաև այդ իրավունքը: Դա պայքարելու տարբերակ է իր ձայնը հասանելի դարձնելու համար: Դա իրենց ընտրությունն է»,- նշեց կրթության փորձագետը:

 Թեմայի վերաբերյալ հրապարակավ իր տեսակետն է հայտնել նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա` պետք է ազատ լինել քաղաքական կողմոնորոշումների հարցում, բայց ոչ ի վնաս կրթության:  «Ես ու Րաֆֆին միակարծիք ենք այս հարցում. քաղաքական պայքարը պետք է վարվի բացառապես ՀՀ օրենքների շրջանակում: Երիտասարդները ազատ են իրենց քաղաքական կողմնորոշումների և հայացքցների մեջ, սակայն կարծում եմ, ոչ ի վնաս սեփական կրթության»,- ընդգծել է Ա.Աշոտյանը: 

Հիշեցնենք, որ այսօր մի շարք բուհերի ուսանողների, այդ թվում` ԵՊՀ-ի, Տնտեսագիտական, Ճարտարապետաշինարարական  և Բժշկական համալասարանների ուսանողներ, դասադուլ են հայտարարել` բողոքելով փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքների դեմ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more