▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքականությունն ու բարոյականությունն անհամատեղելի են. «Ժողովուրդ»

Ինչպես հայտնի է՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտ էր ներկայացրել Երեւանի քաղաքապետարան` մարտի 1-ին Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ: Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանը ներկայացված հայտն ընդունել է ի գիտություն, ավելին` ՀԱԿԿ-ն իրավունք ունի ոչ միայն մարտի 1-ից 17-ը հանրահավաքներ անցկացնել, այլեւ այդ ընթացքում երթեր անել: Ներքաղաքական վերջին զարգացումներից հետո մարտիմեկյան առաջիկա հանրահավաքը առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում մի քանի առումներով: Նախ` այդ հանրահավաքից հետո, ի վերջո, պարզ կդառնա՝ արդյո՞ք Տեր-Պետրոսյանի հռչակած համաժողովրդական շարժումը դեռ կենդանի է, թե՞ այն ցամաքեց Գագիկ Ծառուկյանի  կողմից ներդրվող ռեսուրսների հետ մեկտեղ:

Մարտի 1-ի հանրահավաքում ուշագրավ կլինի նաեւ լսել, թե այս տարի` ողբերգության  յոթերորդ տարելիցին, մեղադրականների առյուծի բաժինն ում է ուղղված լինելու` «Մեծարգո Սերժ Սարգսյանին», ումից Լեւոն Տեր-Պետրոսյանը դեմ առ դեմ հանդիպում էր խնդրում, թե այնուամենայնիվ դարձյալ Ռոբերտ Քոչարյանին, ում «պրոտեժեների» հետ համագործակցությունը` «քաղաքագիտական վերլուծության» շրջանակներում, այլեւս ձախողված է:

Համենայն դեպս, Երեւանի քաղաքապետարանի` երեկ տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ ՀԱԿԿ-ն իրեն այլեւս կաշկանդված չի զգում Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու հարցում եւ  կազմակերպվելիք երթերի երթուղու մեջ վերստին ներառել է Մյասնիկյանի արձանը:

Եվ եթե այդ ժամանակ ՀԱԿ-ը «մոռանում էր» այցելել Մյասնիկյանի արձանին` անհարմար վիճակում չդնելու համար ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանին, ապա հիմա, երբ Ծառուկյանից էլ սպասելիքներ չկան, Մյասնիկյանի արձանին դարձյալ ծաղիկներ դնելը բավականին անհարմար վիճակի մեջ կդնի ՀԱԿ-ին: Քանզի առավել ակնհայտ կդառնա, որ ՀԱԿ-ը Մարտի 1-ի պահանջատիրությունից, ըստ էության, հետ կանգնեց` հանուն «քաղաքագիտական  վերլուծության»: Այլ կերպ հնարավոր չէ գնահատել համագործակցությունը մի ուժի հետ, որի կազմում էին 2008-ին իրավապահ համակարգի կարեւոր դերակատարներից ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը  եւ Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպաններին ապատեղեկատվություն հրամցնող ու հայտնի հեռուստատեսային ուղերձով հանդես եկած Վարդան Օսկանյանը:    

Հիրավի, քաղաքականությունն ու բարոյականությունն անհամատեղելի կատեգորիաներ են:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more