▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քեզ էլ, քո գործունեությունն էլ «պռավալ» կտամ...պրոդյուսերը սպառնացե՞լ է «Դուետ»-ի մասնակցին

Այն, որ «Շանթ» հեռուստաընկերությունը մեկը մյուսի ետևից տեղեկացնում է  նոր նախագծերի մեկնարկի մասին, ողջունելի է, սակայն պարզվում է, որ  «Շանթ»-ում  երբեմն խախտվում են նախագծի մասնակիցների իրավունքները, իսկ նրանցից ոմանք նույնիսկ սպառնում են, թե կխոչընդոտեն  հետագա գործունեությանը այլ հեռուստաընկերություններում:

Վերջերս մեկնարկած «Դուետ» նախագծի շրջանակներում, որը եթեր է հեռարձակվում յուրաքանչյուր կիրակի ժամը 19:55, տեղի է ունեցել հերթական բախումը մասնակցի և նախագծի պրոդյուսերներից մեկի միջև:

Քրիստինա Եղոյան և Սուրեն Առուստամյան զույգը 4-րդ գալա համերգից հետո դուրս է մնացել   նախագծից: Ըստ «Դուետ»-ի  օրագրի` Քրիստինա Եղոյանը, ով նաև նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Քաղաքում» հեռուսատասերիալում, կանոնները խախտելու համար հեռացվել է նախագծից:

Asekose.am-ի թղթակիցը զրուցել է դերասանուհու հետ` պարզելու  մանրամասները:

«Շանթ» հեռուստաընկերությունը իր եթերը օգտագործում է սուտ տեղեկություններ հասցնելու համար: Իմ  նկատմամբ իրավունքի խախտումներ և  իմ հասցեին սպառնալիքներ են եղել իրենց կողմից»,- նշել է  մասնակիցը:

Ըստ Քրիստինայի` նախագծի ընթացքում ընտրված երգերը, որոնք մասնակիցները կատարում են պրոֆեսիոնալ երգիչների հետ, պետք է հարմարեցվեն հենց իրենց ձայնային «տեմբրին»  և հնարավորություններին:

«Իմ դեպքում ճիշտ հակառակն է եղել բոլոր 4 գալա համերգների ընթացքում»,- ասել է դերասանուհին:

Իսկ արդեն 5-րդ գալա համերգի ընթացքում համաձայնության չգալով երգի ընտրության հարցում` Քրիստինան որոշել է ինքնակամ դուրս գալ նախագծից:

«Դու չես կարող հեռանալ: Այն մարդիկ, ովքեր մեր գործին վնաս են հասցնում, մենք էլ համապատասխան ձևով իրենց հետ ենք վարվում: Գնա և որոշի՝ ինչ երգ ես երգելու և եթե հանկարծ որոշես նախագիծս «պռավալ» տաս, քեզ էլ, քո գործունեությունն էլ «պռավալ» կտամ»,-ի պատասխան Քրիստինայի` սպառնացել է նախագծի գլխավոր պրոդյուսերը:

«Նախագծից ես իմ որոշմամբ եմ դուրս եկել, ինձ ոչ ոք չի հեռացրել, ինձ միայն սպառնացել են»,- մեզ հետ  զրույցի ընթացքում նշել է Քրիստինա Եղոյանը:

Սակայն պրոդյուսերի կողմից տրված խոստումները իրենց երկար սպասեցնել չտվեցին:

«Հաջորդ օրը ինձ կանչեցին և ասացին, որ ես  նաև սերիալում այլևս չեմ նկարահանվելու` սպառնալիքներին չենթարկվելու և իրենց հետ պայմանագիր չկնքելու համար, սակայն ես ինքս չէի պատրաստվում աշխատել նման գործելաոճ ունեցող հեռուստաընկերության հետ»,-եզրափակել է  Քրիստինան:

Խնդրի առնչությամբ գրավոր հարցում ուղարկեցինք «Շանթ» հեռուստաընկերության PR մենեջեր Լիանա Մարտիրոսյանին, ով մեզ տվեց հետևյալ պատասխանը.

«Քրիստինա Եղոյանը սահմանված ժամկետում չկարողացավ ընտրել հաջորդ մրցութային համերգի երգը ոչ առաջարկված տարբերակներից, ոչ էլ հանդես եկավ տվյալ համերգի թեմային ու պահանջներին համապատասխան երգի սեփական առաջարկով և դուրս մնաց նախագծից»:

 

Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more