Երևանում ապրիլի 9–ին տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանում կա երկփեղկված իրականություն, ինքնահռչակ և օրինական ձևավորված իշխանություն, ինչի հետ արտաքին աշխարհը չի կարող հաշվի չնստել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «Ժառանգության» քաղաքական քարտուղար Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի` այսօր Մոսկվա կատարած այցին:
Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի ու «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությունները ցույց տվեցին, թե ում հենարանը ով է։
Ստյոպա Սաֆարյանն ավելացրել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի արտաքին այցելություններն (նաև այսօրվա այցը Մոսկվա) ուղղակի ապացույցն են նրա, որ արտաքին աշխարհը չի կարող հաշվի չնստել Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ, երբ կա երկու իշխանություն՝ ինքնահռչակ և օրինական ձևավորված:
«Եվ հետևաբար, դրանում որևէ տարօրինակ բան չկա, բացատրությունը շատ պարզ է, և Հայաստանում առկա է նոր իրողություն, որի մասին խոսում էինք մինչև ապրիլի 9–ը: Այն, որ ռեժիմը նախընտրեց գնալ մի ճանապարհով, ժողովուրդը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ»,- ասել է նա:
Ստյոպա Սաֆարյանն ասել է, որ ավելին՝ արտաքին միջավայրը հաշվի է նստելու այդ երկատված իրավիճակի հետ: «Րաֆֆի հովհաննիսյանն ընդամենը ընդունել է իրեն ուղղված հրավերը»,– ասել է «Ժառանգության» քաղաքական քարտուղարը և հավելել, որ
չի կարող ասել՝ արդյոք այդ հրավերը ՌԴ նախագահի նստավայրից է, թե այլ քաղաքական շրջանակներից:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին տեղի ունեցած հանրահավաքին «Ժառանգության» առաջնորդը հայտարարել էր, թե մեկնելու է Մոսկվա` Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ հանդիպելու:
Իսկ «ՉԻ» թերթը գրել էր, թե իբր Րաֆֆի Հովհաննիսյանի և Վլադիմիր Պուտինի հետ կապ է հաստատել ռուսահայ գործարար Արա Աբրահամյանը, և հանրահավաքի իր ելույթով Րաֆֆի Հովհաննիսյանը Աբրահամյանին ակնարկում էր, որ նա կարող է «խզել» բոլոր պայմանավորվածությունները և անձամբ հանդիպել Պուտինի հետ ու նրան պատմել բոլոր դարդերը: