▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյանի 3 ճանապարհներն` ըստ Սերժ Սարգսյանի

Aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց նախագահական ընտրություններից հետո իր եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման մանրամասները: Նախագահական նոր ընտրությունների, երկրորդ փուլի եւ խորհրդարանը լուծարելու առաջարկների մերժումը ստանալուց հետո, Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ գործող նախագահի, հարցրեց իրեն՝ ի՞նչ պետք է անի այս իրավիճակում «Ժառանգության» առաջնորդը: Սերժ Սարգսյանն առաջարկել է երեք ճանապարհ:

Առաջինը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է Ազատության հրապարակ, շարունակում է պնդել, որ ստացել է քվեների 80 տոկոսը, իրեն հռչակում է նախագահ և փորձում է ստեղծել իշխանության այլընտրանքային կառույցներ: Այդ դեպքում իրավապահ կառույցները կատարելու են իրենց վերապահված պարտականությունները:

Երկրորդ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, շարունակելով պնդել, որ ընտրություններն արդար չեն անցել, որ ինքը իրականում հավաքել է պաշտոնականից ավելի բարձր տոկոսներ, ուժեղացնում է իր կառույցները, մասնակցում է Երեւանի ավագանու ընտրություններին, ստանում է մեծամասնություն, դառնում է Երեւանի քաղաքապետ եւ ղեկավարում է հանրապետության մեկ երրորդը:

Երրորդ ճանապարհը՝ դադարում է ընդդիմություն լինելուց՝ ներգրավվելով իշխանական կառույցների մեջ և պայքարում է կոռուպացիայի ու արտագաղթի դեմ, ինչպես որ խոստացել է ընտրարշավի ժամանակ: Ինչպես այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ նախագահը, այս երրորդ առաջարկի վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանը ճշտեց՝ արդյոք խոսքը կոալիցիայի՞ մասին է: Դրան Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ բոլոր քննարկումները կլինեն Րաֆֆի Հովհաննիսյանի սկզբունքային դիրքորոշումը հայտնելոց հետո: Երկու գործիչները պայմանավորվել են՝ իրար փոխանցել գրավոր առաջարկներ:

Ըստ Սերժ Սարգսյանի, ինքը հարգել է պայմանավորվածությունը և ուղարկել է իր առաջարկները՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին: Այդ նախագիծը, ըստ նախագահի առաջարկի, պետք է պատրաստի Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած հանձնաժողովը: «Ժառանգության» առաջնորդը հետ է ուղարկել թուղթը՝ վրան խաչ քաշած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more