▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյանի որդի Կարինի ելույթը. Մենք ժամադրված ենք ճակատագրի հետ

Պայքարի առաջին օրից Րաֆֆի Հովհաննիսյանին Ազատության հրապարկում մշտապես լուռ հետևող նրա որդին՝ Կարին Հովհաննիսյանը, այսօր, վերջապես, հանդես  է եկել  ելույթով և իր խոսքում հարկ է համարել պատմել ոչ թե իր հոր, այլ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին՝ որպես մարդ։ tert.am -ն է գրում այս մասին ու ներկայացնում Կարին Հովհաննիսյանի ելույթը:

 

 

«Հայ ժողովուրդ ես ձեզ կպատմեմ մի մարդու մասին, ով գալիս է շատ հեռուներից, ով ծնվել է հեռվում, սնվել է ջարդի և պատերազմի պատմություններով և ում մեջ արթնացրել է մեծ սեր, հավատ և առաքելություն։ Իմ խոսքերը չընդունեք որդու գովասանք՝ ուղղված հորը, այս մարդն այլևս իմ հայրը չէ և փետրվարի 18-ից հետո արդեն նա պատկանում ձեզ, պայքարին, պատմությանը»,- հայտարարել է  Կարին Հովհաննիսյանն ու նշել,  որ իր հայրը 25 տարի առաջ վերադարձել է հայրենիք՝ ապրել է հայերի մեջ, նրանց կողքին հավասարապես վերցրել և զգացել է բոլորի «խայտառակ ցավը և սերը»։

 

«Այս մարդը ում շատ հաճախ ծաղրել են իր սիրո համար, ես էլ եմ ծաղրել, հեգնել են ժպիտի համար և ես էլ եմ հեգնել, բայց նա ժպտացել է, գուցե շատերս չհասկացանք, թե ով է այս մարդը, այս ժպտերես զինվորը, ինչ է ուզում։ Ես էլ չեմ հասկացել»,- ասաց նա և նշեց, որ ինքը մի քանի տարի առաջ հոր աշխատասեղանին գտել է մի նամակ, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանի պապը՝ Գասպար Հովհաննիսյանը ուղղել է 10-ամյա Րաֆֆիին։

 

«Տարիներ առաջ էի նկատել, բայց վերջերս էր, որ բացեցի ու ընթերցեցի»,-ասել է Կարինն ու  կարդացել  նամակը։
«Իզուր չէ, որ քեզ Րաֆֆի անունը դրվեցավ, կհուսանք, որ օր մըն էլ Մասիսի գագաթին հայկական դրոշակը կպարզէ։ Րաֆֆին մեծ վիպագիր է, իր գրվածքներով հայերին մղած է հեղափոխության՝ թուրքերին դեմ, որ հետ բերենք մեր պատմական հողերը։ Այսօր մենք փոքր Հայաստան ունինք, բայց այն ամբողջը չէ, ձեր սերունդը իր աշխատանքով պետք է տիրանա մեծ Հայաստանին, որին տիրանան բոլոր հայերը»,- ընթերցել է  նա և ավելացրեր, որ դրանից ինքը հասկացել է, որ այդ նամակը ոչ թե Գասպարի նամակն է Րաֆֆիին, այլ ամեն հայ պապի նամակն է իր թոռանը։

 

«Այս նամակը գալիս է պատմության խորքից, այս նամակը տեսել է և՛ պատերազմ, և՛ ցեղասպանություն, և՛ ցավ, և՛ այսօր տեսնում է Ազատության հրապարակ։ Սա պայմանագիր է գրած բոլոր սերունդների միջև, որ ասում է մենք չենք հանձնվելու։ Չկասկածե՛ք հայ ժողովուրդ, մենք պայմանավորված ենք պատմության հետ, մենք ժամադրված ենք ճակատագրի հետ և ես այս նամակը բռնում եմ իմ ձեռքում, հասկանում եմ իմ հորը, հասկանում եմ, որ ունի պատասխանատվություն ոչ միայն ձեր, այլ իր պապերի առաջ, ովքեր կարող էին միայն երազել այս ժամերի և այս հրապարակի մասին»,-նշել է Կարին Հովհաննիսյանն ու ավելացրել, որ ինքը լիազորված է ասելու բոլոր կասկածողներին, որ չեն կարող կոտրել ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանին, ո՛չ էլ հայ ժողովրդին։ «Ես լիազորված եմ զգում ասելու համար բոլոր կասկածողներին, որ այս մարդուն չե՛ք կարող կոտրել, այս ժողովրդին չե՛ք կարող կորտել, այս երկիրը չե՛ք կարող կոտրել և այս երազանքը, արյունոտ դարերից եկած այս երազանքը, որի անունն է Հայաստան»,- եզրափակել է իր  ելույթը Կարին Հովհաննիսյանը ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more