Ինչպես հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությունների ժամին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Հարգելի պարոն նախագահ, շնորհակալ եմ հրավերի և ջերմ ընդունելության համար: Պիտի արձանագրեմ, որ շատ հագեցած այց ենք ունենում: Մենք քննարկել ենք երկու երկրների տնտեսական, քաղաքական հարաբերություններին վերաբերող հարցեր, ընդգծել ենք մեր պատմական կապերը, այդ թվում` արձանագրելով մեր հարաբերությունների նրբությունները: Ես բարձր եմ գնահատել նաև Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության վերաբերմունքը և քաղաքականությունն Իրանի հայկական համայնքի համար ստեղծված հնարավորությունների առումով: Պիտի ընդգծեմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը իսլամական և քրիստոնեական քաղաքակրթությունների համագործակցության և բարեկամության շատ պայծառ և վառ օրինակ են:
Քննարկել ենք նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր, և այս ուղղությամբ նույնպես Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը համագործակցության շատ մեծ դաշտ են տեսնում: Մենք ընդգծում և գնահատում ենք Իրանի սկզբունքային դիրքորոշումները տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման առումով: Ես պարոն Ռայիսիին պատմել եմ երեկ Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքների մասին և կիսել եմ իմ տպավորությունները տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու օրակարգի և ընթացիկ գործընթացների շուրջ:
Կարևոր ենք համարում՝ իրանցի մեր գործընկերները տեղեկացված լինեն, թե ինչ է տեղի ունենում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում, Լեռնային Ղաևաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում:
Մեր խոսակցության մի հսկայական մաս, իհարկե, տնտեսական փոխգործակցությունը զարգացնելուն է վերաբերվում, և այստեղ մենք դիտարկում ենք հսկայական պոտենցիալ: Էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում կան կոնկրետ հեռանկարներ, որոնց շուրջ խոսակցությունը պետք է առավելագույնս կոնկրետացնել: Եվ ես ուրախ եմ, որ այցը կոնկրետ արդյունք ունի և ստորագրվել է «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման վերաբերյալ հուշագիր:
Այնպես որ, պարոն նախագահ, բոլոր հիմքերը կան այցն արդեն իսկ հիշարժան համարելու, և ես ուրախ կլինեմ Ձեզ հարմար ժամանակաշրջանում հյուրընկալել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում՝ այս խոսակցությունը շարունակելու համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հարաբերություններում դրական զարգացումներին աջակցելու համար, որի ամենավերջին արտահայտումը դարձավ Սյունիքի մարզկենտրոն Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսարանի բացումը: Շնորհակալ եմ»:
Նիկոլ Փաշինյանի կարճատև այցը Իրանի Իսլամական Հանրապետություն ավարտվել է