▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ քաղաքական աջակցությամբ և Քոչարյանի հրամանով. Հայտարարություն «Մարտի 1»-ի մասին

Վեց տարի առաջ` մարտի 1-ին ՀՀ իշխանությունները բիրտ ուժ կիրառեցին սեփական ժողովրդի նկատմամբ` ճնշելու փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ դուրս եկած քաղաքացիների խաղաղ հավաքները:

Նշված է հայաստանյան 5 կազմակերպությունների կողմից 2008-ի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ տարածած հայտարարության մեջ, որում, մասնավորապես,  ասվում է.

«Ստանալով Ռուսաստանի ղեկավարության քաղաքական աջակցությունը, ներգրավելով ուժային բոլոր կառույցները, այդ թվում` քրեական պատժիչ ջոկատներ, պաշտոնավարող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով․

- կիրառվեցին բռնություններ Ազատության հրապարակում խաղաղ նստացույցի մասնակիցների նկատմամբ, որոնք այնուհետեւ շարունակվեցին Երեւան քաղաքի ողջ տարածքում,  այլ քաղաքացիների նկատմամբ,

-գործի դրվեցին  ոչ միայն  ոստիկանությունն ու ներքին զորքերը, այլեւ Սահմանադրության կոպիտ խախտումներով օգտագործվեցին ՀՀ կանոնավոր բանակի ստորաբաժանումները,

- ապօրինի հրամանով Երեւան քաղաքում հայտարարվեց  արտակարգ դրության ռեժիմ, որը փաստացի կիրառվեց ՀՀ ամբողջ տարածքում,

- ապօրինի խուզարկություններ իրականացվեցին քաղաքացիների բնակարաններում, բերման ենթարկվեցին եւ հարցաքննվեցին հարյուրավոր քաղաքացիներ,

- ոստիկանության բաժանմունքներում բռնությունների, խոշտանգումների ենթարկվեցին ապօրինի բերման ենթարկվածներն ու  ձերբակալվածները,

- շինծու եւ անհիմն մեղադրանքներով կալանավորվեցին, դատապարտվեցին եւ ազատազրկվեցին հարյուրից ավելի քաղաքական գործիչներ եւ ակտիվիստներ, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորներ,

- ապօրինի գրադննության կիրառմամբ խոչընդոտվեց  ոչ իշխանական լրատվական միջոցների գործունեությունը , որի արդյունքում կոպտորեն խախտվեց ՀՀ քաղաքացիների  տեղեկատվություն ստանալու իրավունքը: :

- խաղաղ ու անզեն քաղաքացիների դեմ կիրառվեց հրազեն, որի արդյունքում ըստ պաշտոնական տվյայների սպանվեցին 10 քաղաքացիներ:

Այսպիսով, անօրինական ուժի գործադրմամբ եւ արյունով իրականացվեց իշխանության զավթում եւ ՀՀ քաղաքացիներին պարտադրվեց Սերժ Սարգսյանի նախագահությունը, ինչը հետագայում վերահաստատվեց 2013 թվականին` վարչական ռեսուրսի չարաշահմամբ կեղծված նախագահական ընտրություններով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մինչ այժմ չի հարցաքննել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, 2008 թվականի Մարտի 1-ի ժամանակ ուժային եւ իրավապահ մարմինների եւ նրանց ստորաբաժանումների ղեկավարներին: Որեւէ քննություն չի իրականացվել միջազգային կառույցների պահանջով եւ Սերժ Սարգսյանի հրամանով ստեղծված Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի հրապարակած զեկույցներում բացահայտված եւ արձանագրված փաստերի ուղղությամբ: Բացատրություններ չեն վերցրվել  եւ չեն հարցաքննվել օլիգարխները, որոնց թիկնապահներին հատկացվել էր զինվորական համազգեստ եւ որոնք ներգրավվել էին քաղաքացիների դեմ սանձազերծված բռնի գործողություններում:

Վեց տարիների ընթացքում, չնայած բազմաթիվ պաշտոնական հավաստիացումներին եւ հայտարարություններին, Սերժ Սարգսյանի վարչակազմը  ոչ մի իրական գործողություն չի իրականացրել Մարտի 1-ի մարդկության դեմ հանցագործության քննության ուղղությամբ՝ ակնհայտորեն հովանավորելով հանցագործության կատարման մեջ պատասխանատու անձանց: Մինչ օրս ոչ ոք չի ենթարկվել պատասխանատվության:

Մարտի 1-ի հանցագործությունների կոծկումը հանգեցրեց Հայաստանում քաղաքական, տնտեսական, սոցիալական ճգնաժամի առավել խորացմանը, արտագաղթի ծավալների մեծացմանը, կոռուպցիայի աճին եւ արտաքին քաղաքականության ձախողմանը: Վերջինիս գագաթնակետը հանդիսացավ Սերժ Սարգսյանի 2013 թվականի սեպտեմբերի 3-ի հայտարարությունը` միանալու Մարտի 1-ի հանցագործությունը հովանավորած եւ աջակցած Վլադիմիր Պուտինի կողմից կառավարվող Մաքսային Միությանը:

Առանց Մարտի 1-ի իրավական գնահատականի Հայաստանի Հանրապետությունում  չի կարող ապահովվել իրավունքի գերակայության սկզբունքը, ժողովրդավարական ինստիտուտների բնականոն գործունեությունը եւ մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի վերականգնումը:

Սույն հայտարարությամբ, դատապարտելով 2008 թվականի Մարտի 1-ի մարդկության դեմ իրականացված հանցագործությունը,

- կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին վճռական եւ պահանջատեր լինել հանցագործությունը կատարողներին, աջակցողներին եւ կոծկողներին պատասխանատվության ենթարկելու հարցում

-պահանջում ենք միջազգային կառույցներից հետեւողականություն դրա արդյունավետ քննությունը խթանելու եւ մարդու իրավունքների ու ժողովրդավարական ինստիտուտների դեմ կազմակերպված հանցագործություններին իրավական գնահատական տալու համար:

 

Լրագրողների Ասպարեզ ակումբ

Թրանսփարենսի ինթերնեյշնլ Հայաստան

Քաղաքացիական գիտակցություն հասարակական կազմակերպություն

Հեսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտե

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more