▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանը դատարանում է` որդու՝ Լևոնի կողքը նստած

Ռոբերտ Քոչարյանը դատարանում է` որդու՝ Լևոնի կողքը նստած

Ընթանում է «Մարտի 1»-ի վերաբացված քրեական գործի դատական նիստը, որին ներկայացել է նաև Ռոբերտ Քոչարյանը։ Վերջինս նիստի մեկնարկին դատարանից պահանջեց ներկայացնել, թե ի՞նչ մեղադրանք է նրան առաջադրվել․ «Ես այդպես էլ պարզաբանում չստացա, թե ինչ հոդվածով եմ մեղադրվում։ Զեկուցում եմ ստացել որպես մեղադրյալ ներկայանալու մասին։ Ես եկել եմ այստեղ՝ դրսևորելով բարի կամք, կարող է ընդհանրապես չգալ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ կրկին պահանջելով ներկայացնել, թե ինչ հոդվածով է մեղադրվում․ «Ես լքում եմ մեղադրյալի աթոռը, դեռ աթոռը, կարող եմ ընդհանրապես դահլիճը լքել։ Այս դատական հետապնդումը սկսվել լուրջ խախտումներով»,-ասաց Քոչարյանը։

***

Ընթանում է «Մարտի 1»-ի վերաբացված գործը։ Ռոբերտ Քոչարյանը ևս ներկայացել է դատարան։ «Մտավախություն ունե՞ք, որ ձեր հայրիկին կկալանավորեն»,-դատական նիստից առաջ լրագրողը հարցրեց Լևոն Քոչարյանին․ «Իրավական առումով թվում է՝ նման հնարավորություն չունեն, բայց վերջին 6 տարիների ընթացքւմ այնքա՜ն գործեր ենք տեսել․․․ինչ ուզեն կարող են անել, ամենաթողություն է»,-պատասխանեց Լևոն Քոչարյանը։
Հիշեցնենք, որ 2008թ․ մարտի 1-ի իրադարձություններին առնչվող գործով ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

Սահմանադրական դատարանի կողմից 2021թ․ մարտի 26-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 300,1-րդ հոդվածը Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելուց հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սահմանադրական կարգի տապալման դրվագով կարճել էր քրեական գործը և դադարեցրել քրեական հետապնդումը։

Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող մյուս դրվագով ևս քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով և այժմ մեղադրյալի կարգավիճակ ունի միայն Արմեն Գևորգյանը։

3 տարի անց Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը:
Նախկին նախագահին ու մյուսներին նոր հոդվածով առաջադրված մեղադրանքը դեռ հայտնի չէ։

***

«ՍԴ-ն արձանագրել է, որ Սահմանադրական դատարանի կողմից քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված որևէ նորմը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու պարագայում, որևէ կերպ չի կարող համարվել քրեական վարույթը բացառող հանգամանք: Հնչեցված պնդումը, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո նախկին ամբաստանյալները, ներկայիս մեղադրյալները չունեն մեղադրյալի կարգավիճակ, չի բխում այդ որոշումներից»,- «Մարտի 1»-ի գործով դատական նիստին հայտարարեց դատախազը: «Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումն այս պահին դադարեցված չէ: Այդ հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը բեկանվել է Վճռաբեկ դատարանի կողմից և այս պահի դրությամբ և մինչև քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու հարցի լուծումը, մեղադրյալները շարունակելու են ունենալ մեղադրյալի կարգավիճակ»,- ասաց դատախազը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more