ԱԺ-ի այսօրվա նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցն է։ Այդ պաշտոնում ՀՀ կառավարությունն առաջադրել է Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ներկայացնելով Մեսրոպյանի կենսագրությունը՝ հայտնեց, որ նա անկուսակցական է, օրեր առաջ սառեցրել է անդամակցությունը ՔՊ-ում։ Սանոսյանի խոսքով նրա ընտրությունը բացառապես եղել է մասնագիտական որակների հիման վրա, Սասուն Միքայելյանի հետ ունեցած ազգակցական կապը առնչություն չունի կառավարության որոշման հետ։
Ագնեսա Խամոյանը պարզաբանումներ պահանջեց Մեսրոպյանից՝ մի քանի ֆեյսբուքյան գրառումների վերաբերյալ, որոնք հստակ արտահայտում են նրա քաղաքականացված լինելը։
«Այս պահից առաջ ով եմ եղել, ինչպիսի քաղաքական հայացքներ եմ ունեցել, բացառապես իմ իրավունքն է։ Քաջատեղյակ եմ ՀԿԾՀ նախագահի պաշտոնի անձնագրի պահանջներին, գիտեմ, որ չպետք է լինես որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ։ Ես իմ մեջ նման կամք և ուժ գտել եմ՝ գործելու այդ անձնագրի համապատասխան»,-ասաց Մեսրոպյանը։
«Մեր քվեն եք ակնկալում, բա չիմանա՞նք՝ ով եք եղել։ Դուք ոչ միայն Փաշինյանի ելույթները ակտիվ տարածողն եք, այլ նաև Արամ Զավենի Սարգսյանի մեծ երկրպագուն եք»,-շարունակեց Խամոյանը։
«Բարեբախտաբար, թե դժբախտաբար այս ԱԺ-ի պատագամավորների մեծամասնությունը, այդ թվում նաև դուք, ինձ լավ եք ճանաչում։ Իմ կենսագրության մեջ չկա մի էջ, որի համար ես կարող եմ գլուխս կախել»,-պատասխանեց Մեսրոպյանը
|